PKK զինյալները հարձակվել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա, կա 2 զոհ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Թուրքիայի հարավային Շըրնաք նահանգի Ուլուդերե գավառում հարձակվել են երկրի ԶՈւ ռազմական մեքենայի վրա. զոհվել է 2 զինծառայող, վիրավորվել՝ 1 զինծառայող և 1 գյուղացի։ Դեպքի մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Շըրնաք նահանգի ղեկավարության հաղորդագրությանը։

PKK զինյալներ

PKK զինյալներ

Հայտարարության համաձայն՝ Արաքոյ գյուղի մոտ պայթել է ինքնաշեն պայթուցիկ, որից հետո ահաբեկիչները ռեակտիվ նռնակներով ու հրացաններով հարձակվել են ռազմական մեքենայում գտնվող զինծառայողների վրա։

Ավելի ուշ Թուրքիայի նվտանգության ուժերը գործողություն են սկսել՝ ձերբակալելու համար PKK-ի՝ այս գործողությունները կազմակերպելու մեջ կասկածվող զինյալներին։

Նշենք, որ այս միջադեպից երկու օր առաջ նմանատիպ հարձակում էր եղել Աղրը արևելյան նահանգում. արդյունքում զոհվել էր 2 զինծառայող, վիրավորվել՝ 30-ից ավելի զինծառայող։ Այս գործողության կազմակեպման համար ևս մեղադրվում է PKK-ն։

Նշենք, որ վերջերս թուրք-քրդական հարաբերությունները կրկին սրվել են, երբ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվել է թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել են։

Այս միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերը բախման շրջան  ուղարկեցին զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանում։ Դրանից զատ թուրքական զինուժը ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ էր հասցրել F-16 կործանիչներով։ Հուլիսի 25-ին և 26-ին մի քանի անգամ ավիահարվածներ են հասցրվել նաև Իրաքում տեղակայված PKK ստորաբաժանումների դիրքերին։ Ավիահարվածները PKK-ի 6 դիրքերին շարունակվել են նաև հուլիսի 28-29-ին։

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

One response to “PKK զինյալները հարձակվել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա, կա 2 զոհ

  1. Pingback: PKK զինյալների հարձակման պատճառով սպանվել է Թուրքիայի ԶՈւ ևս 1 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *