Վրաստանն ունի ներքին գործերի նոր նախարար

Օգոստոսի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատիժների կիրառման և պրոբացիայի հարցերով նախարար Գեորգի Մղեբրիշվիլին նշանակել է ներքին գործերի նոր նախարարի պաշտոնում։ ՆԳ նախարարի պաշտոնը թափուր էր մնացել, երբ նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակվեց նոր ստեղծված պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնում։

Ձախից աջ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարը, վարչապետը և պատիժների կիրառման և պրոբացիայի հարցերով նախարարը

Ձախից աջ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարը, վարչապետը և պատիժների կիրառման և պրոբացիայի հարցերով նախարարը

«Գեորգի Մղեբրիշվիլին որպես պատիժների կիրառման և պրոբացիայի հարցերով նախարար կարևոր բարեփոխումներ է արել, և ես հավատացած եմ, որ արդյունավետ կաշխատի նաև ՆԳՆ-ում»,— հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Գեորգի Մղեբրիշվիլին նախկին պաշտոնում էր 2014. հուլիսից, իսկ մինչ այդ՝ 2013թ. դեկտեմբերից եղել էր Քվեմո Քարթլիի շրջանի ղեկավարը։ Մղեբրիշվիլին 1998-2004թթ. եղել է ՆԳՆ-ում քննիչ, դրանից հետո 2007թ. որպես քննիչ աշխատել է ֆինանսական ոստիկանությունում։ 2007-2012թթ. տարբեր հաստիքներով աշխատել է ֆինանսների նախարարությունում, իսկ մինչև 2013թ. նոյեմբերը զբաղեցրել է ՆԳՆ-ի պետական անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնը։

Նշենք, որ Վրաստանի պատիժների կիրառման և պրոբացիայի հարցերով նախարարի պաշտոնում էլ նշանակվել է իրավաբան, նույն գերատեսչության փոխնախարար Կախի Կախիշվիլին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Վրաստանում ՆԳՆ-ից առանձին գործելու է պետական անվտանգության ծառայություն, որն այժմ ղեկավարում է ներքին գործերի արդեն նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նոր ծառայությունը, ըստ վրաստանյան կողմի տվյալների, հատուկ նշանակություն է ունենալու և ենթարկվելու է կառավարությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *