Վրաստանն Ադրբեջանին 15 Սու-25 գրոհիչ և դրանց վերանորոգման տեխնոլոգիաներ է վաճառել

Հուլիսի 18-ին վրաստանյան «Կվիրա» լրատվական-վերլուծական գործակալությունը հրապարակել է մի չափազանց հետաքրքիր հետաքննություն Սու-25 գրոհիչներ արտադրող վրացական «Թբիլավիամշենի» ընկերության և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ։

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ գրոհիչները

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ գրոհիչները

Նախկինում հայտնի էր, որ դեռևս 2002 թ. Վրաստանն Ադրբեջանին մատակարարել էր Սու-25 տիպի 6 գրոհիչ ինքնաթիռ։ Եւս 6 միավոր Սու-25 ու 1 միավոր Սու-25ՈՒԲ (ուսումնամարտական) գրոհիչներ Վրաստանն Ադրբեջանին մատակարարել էր 2005 թ.։

Սակայն, ինչպես պարզվում է «Կվիրայի» հետաքննությունից , այդ մատակարարումները վերջինը չէին, ավելին՝ վրաց-ադրբեջանական գործակցությունը զուտ ինքնաթիռների մատակարարմամբ չի սահմանափակվել։

2008թ. հունիսի 14-ի պայմանագիրը

2008թ. հունիսի 14-ի պայմանագիրը

Այսպես, 2008 թ. հունիսի 14-ով թվագրված պայմանագրի տեքստում նշվում է, որ «Թբիլավիամշենի» ընկերությունը պարտավորվում է Ադրբեջանին մատակարարել ևս 15 միավոր Սու-25։ Պայմանագիրը պիտի ստորագրեին «Թբիլավիամշենի» ընկերության տնօրեն Պանտիկո Տորդիան և Ադրբեջանի պաշտպանության նախարարության վարչության պետ, գնդապետ Ֆուադ Մամեդովը, սակայն ըստ Տորդիայի՝ օգոստոսյան վրաց-օսական պատերազմի պատճառով պայմանագրի ստորագրումը հետաձգվել է մինչև 2008 թ. նոյեմբեր։

Պայմանագրում նշված է, որ ինքնաթիռները պիտի հարմարեցվեն Ռ-73 (Р-73) հրթիռների և Ս-13 (С-13) արկերի կիրառության համար։ Ինքնաթիռներից բացի Ադրբեջանը ձեռք է բերել նաև Սու-25-երի պահեստամասեր։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 149 426 370 ԱՄՆ դոլար։ «Կվիրան» նշում է, որ այդ գումարից 124 000 000 մլն ԱՄՆ դոլարը ինքնաթիռների արժեքն է, իսկ 25 076 370 ԱՄՆ դոլարը՝ պահեստամասերի։ Մնացած 350 000 ԱՄՆ դոլարը կազմել են ֆինանսական, մաքսային և այլ ծախսերը։

2008 թ. օգոստոսի պատերազմը ու դրա հետևանքով վրաց-ռուսական դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունների սառեցումը հարցականի տակ դրեցին պայմանագրի իրականացումը, քանի որ Սու-25 գրոհիչների համար անհրաժեշտ մի շարք սարքավորումներ և մասնավորապես՝ Ռ-195 շարժիչները Վրաստանը ձեռք էր բերում Ռուսաստանից։ Ըստ Տորդիայի՝ 2009 թվականին իրենց հաջողվել է Ռուսաստանից ձեռք բերել միայն մեկ շարժիչ։

Առավել հետաքրքիր է Տորդիայի հաղորդած հետևյալ տեղեկությունը. «… Դրանից հետո շարժիչների խնդիրը լուծում էր ադրբեջանական կողմը: Ադրբեջանի փոխվարչապետը գնաց Մոսկվա և ռուսաստանյան կողմի հետ պայմանագիր կնքեց շարժիչների վերաբերյալ: Սակայն ըստ պայմանագրի, Ադրբեջանն իրավունք չուներ շարժիչները տրամադրել Վրաստանին: Մենք հավաքում էին ինքնաթիռներն առանց շարժիչների և ուղարկում էինք Սումգայիթ: Անշուշտ պայմանագրում փոփոխություն եղավ, այդ թվում և գումարի։ Սումգայիթում մեզ առանձին շինություն էին տվել, որտեղ մեր մասնագետներն ավարտին էին հասցնում գրոհիչների կառուցումը, ինչից հետո մեզ փոխանցվեց գումարը»։

Անուղղակիորեն վրացական ձեռնարկության տնօրենի այս խոսքերը հաստատվում են հետևյալ փաստով. Razm.info-ին հաջողվեց պարզել, որ Սու-25 գրոհիչների համար Ռ-195 (Р-195) շարժիչներ արտադրող «Ուֆայի շարժիչաշինական արտադրական միավորման» 2010–11 թթ. ֆինանսական հաշվետվություններում Ադրբեջանը և մասնավորապես ադրբեջանական «Azairtechservice» ընկերությունը նշված են հիմնական գնորդների ցանկում։ Վերջինս զբաղվում է ուղղաթիռների և ինքնաթիռների համար պահեստամասերի և մասնավորապես՝ շարժիչների մատակարարմամբ։

2010թ. կնքված հավելյալ պայմանագիրը

2010թ. կնքված հավելյալ պայմանագիրը

2010թ. կնքված հավելյալ պայմանագրի հաջորդ մասը

2010թ. կնքված հավելյալ պայմանագրի հաջորդ մասը

Նշենք, որ փոփոխված պայմանագրում նույնպես բավականին հետաքրքիր փաստեր կան։ Այսպես, բացի ինքնաթիռների կառուցումը Ադրբեջանում ավարտելուց այն նախատեսում է նաև.

  1. տեխնիկական փաստաթղթերի և սարքավորումների, ստուգման ու հսկման սարքերի փոխանցում;
  2. ինքնաթիռների պլաներների ու հանգույցների, ինչպես նաև համալրող սարքերի կապիտալ նորոգման (покупные комплектующие изделия) համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերն ու ստուգման և հսկման սարքերի փոխանցում;
  3. Ադրբեջանում համապատասխան աշխատավայրերում և լաբորատորիաներում աշխատանքի կազմակերպում, մասնագետների պատրաստում և հավաստագրում, աշխատավայրերի հավաստագրում։

Թեման շարունակություն ստացավ, երբ վրաստանյան մեկ այլ լրատվամիջոցի՝ «Կվիրիս պալիտրա» թերթի կայքը հրապարակեց «Ստրատեգիական հետազոտությունների կովկասյան կենտրոնի» տնօրեն Մամուկա Արեշիձեի հետ հարցազրույցն այդ գործարքի մասին։

Ըստ թերթի` Արեշիձեն հայտարարել է. «Թբիլավիամշենիի» տնօրենը մյուս կողմին համապատասխան հավաստագիր է փոխանցել, որի արդյունքում այսօր Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում գործում է հսկայական ավիացիոն ձեռնարկություն, որը հետխորհրդային երկրների զինված ուժերի Սու-25-երի վերանորոգմամբ է զբաղվում: Այսինքն` մեր երկիրը կորցրել է գրոհիչները վերանորոգելու մենաշնորհը կովկասյան տարածաշրջանում, թեև ժամանակին միակն էր, որ կարողանում էր կապիտալ վերանորոգել Սու-25 գրոհիչները»։

Այս ամենի և հատկապես Սու-25-երի վերջնական հավաքումը Սումգաիթում կազմակերպելու մասին տեղեկության ֆոնին տեղին է հիշել 2011 թ. Ադրբեջանի Սումգայիթի մոտակայքում « Նասոսնիյ » ռազմական օդանավակայանում վրաստանցի մասնագետ Յուրի Կուլչակովի զոհվելու դեպքը ։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ Կուլաչկովն աշխատել է ադրբեջանական ՌՕՈւ Սու-25-ի վրա և նախապատրաստել այն ուսումնական թռիչքի, սակայն ընկել է ինքնաթիռի միացված ռեակտիվ շարժիչի տուրբինի մեջ և մահացել։

Հայկական փորձագետներն ու լրատվամիջոցներն այն ժամանակ նախընտրեցին այս պատահարը մեկնաբանել որպես Ադրբեջանում ինքնաթիռները սպասարկող կադրերի բացակայության ապացույց։ Չի կարելի ասել, թե այդ վարկածը լիովին անհավանական էր, սակայն միայն այդ վարկածով սահմանափակվելը ցույց է տալիս, որ մեզանում կա ադրբեջանցիներին թերագնահատելու միտում։ Վրաստանցի մասնագետի ներկայության բացատրություններ կարող էին շատ լինել, այդ թվում օրինակ՝ երաշխիքային կամ հետերաշխիքային սապասարկման հետ կապված. չմոռանանք, որ դեռ 2002–05 թթ. Վրաստանն Ադրբեջանին արդեն մատակարարել էր 13 ինքնաթիռ։

Իսկ նորահայտ այս տեղեկությունները հնարավորություն են տալիս բոլորովին այլ վարկած առաջ քաշել։ Ըստ ամենայնի Կուլչակովը «Նասոսնի» էր գործուղվել նոր մատակարարված Սու-25-երի հավաքումն ավարտելու և շարժիչների տեղադրման նպատակով։ Հնարավոր է, որ դժբախտ պատահարն էլ տեղի է ունեցել շարժիչի փորձնական միացման ժամանակ։

Ավելին՝ ամենայն հավանականությամբ Ադրբեջանն արդեն ոչ միայն չունի կադրային խնդիրներ, այլ 2008 թ. սկսած կարողացել է վրացիների օգնությամբ ստեղծել Սու-25 ինքնաթիռների հավաքման և նորոգման լիարժեք գործարան, ստացել անհրաժեշտ փաստաթղթերը, գծագրերը, սարքավորումները, պատրաստել համապատասխան կադրեր։

Ավելին՝ Վրաստանից ստանալով այն ամենն, ինչ կարող էր, Ադրբեջանը փորձում է էլ ավելի առաջ գնալ և մասնավորապես տեղայնացնել Սու-25-երի արդիականացումը։ Այսպես, 2014 թ. Բաքվում կայացած ADEX-2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ հարավաֆրիկյան Paramount ընկերությունը հայտարարեց, որ ստեղծվում է Paramount Aerospace Azerbaijan համատեղ ձեռնարկություն արդեն հիշատակված ադրբեջանական Azairtechservice ընկերության հետ: Համատեղ ձեռնարկությունը մասնագիտանալու է ԱԹՍ-ների արտադրության, Մի-17, Մի-24 ուղղաթիռների, ինչպես նաև ՄիԳ-29 ու Սու-25 ինքնաթիռների արդիականացման ոլորտներում։ Նշենք նաև, որ ավելի վաղ ադրբեջանական այս ընկերությունն արդեն մասնակցել էր ադրբեջանական օդուժի Մի-24 ուղղաթիռների արդիականացման ծրագրում հարավաֆրիկյան ATE ընկերության հետ, որն ավելի ուշ՝ 2013 թվականին ընդգրկվեց Paramount-ի կազմում։

Նշենք նաև, որ ռուսական պատժամիջոցները հաշվի առնելով՝ վրացական գործարանն իսկապես առանձնապես ընտրություն չուներ, քան որևէ երրորդ կողմին «հարմար գնով» իր տեխնոլոգիաները հանձնելը։

  • Հասմիկ Մելիքսեթյան
  • Լաուրա Սարգսյան
  • Կարեն Վրթանեսյան