Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Այս մասին հուլիսի 30-ին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում աջակցության և կոնկրետ բնագավառներում՝ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլն, համագործակցության համար:

Ինչպես հաղորդում է տեղեկատվական վարչությունը, ամերիկյան կողմը  պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունն իրականացվող նախագծերին։  Վերջիններս օգտագործվում են պաշտպանական բարեփոխումներում,  ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղաղության և կայունության պահպանության գործողություններին մասնակցող ստորաբաժանումների՝ խաղաղապահ բրիգադի, դաշտային հոսպիտալի և խաղաղապահ ինժեներական ստորաբաժանման կարողությունների զարգացման համար։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *