ԻՊ-ն զինյալներ պատրաստելու համար Չեչնիա է ուղարկում մասնագետներ, գումար. Քադիրով

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շահագրգռված է Չեչնիայում իր գործունեության տարածմամբ, դրա համար այստեղ մասնագետներ է ուղարկում զինյալներին պատրաստելու համար, ինչպես նաև գումար ավազակների համար։  Այս մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ հարցազրուցում, որի ամբողջական տարբերակը հասանելի կլինի հուլիսի 31-ին։

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը

Այն հարցին, թե արդյոք ԻՊ-ն զինյալներ է ուղարկում Չեչնիա, Քադիրովը պատասխանել է. «Այո´, նրանք արդեն կան, հայտարարել են, որ ուժեղ կազմակերպություն են, ամեն ինչ ունեն՝ փող, զենք, մասնագետեր։ Այդ իսկ պատճառով մենք պետք է զգույշ լինենք»։

Չեչնիայի ղեկավարը լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է  նաև, որ ԻՊ-ում իրեն համարում են համար մեկ թշնամին և մահափորձ են նախապատրաստում։ Իսկ ինչ վերաբերում է «իսլամական պետություն» անվանը, Քադիրովը հավելել է, որ այնտեղ իսլամական պետության մասին խոսք չկա, դա «սատանայական պետություն» է։

«Ես պաշտոնապես, և ոչ թե միայն իմ անունից հայտարարում եմ, որ  զրուցել եմ իսլամական աշխարհի գիտնականների հետ, ԻՊ-ն իսլամի հետ կապ չունի։ Դրա համար նրանք սատանաներ են»,— հայտնել է Քադիրովը։

Չեչնիայի նախագահն անդրադարձել է նաև  հուլիսի 21-ին արած իր հայտարարությանը, որ եթե Ռուսաստանի քաղաքացին մեկնում է Սիրիա մարտնչելու, ապա պիտի զրկվի ՌԴ քաղաքացիությունից։ Սա նշանակում է, որ օրենսդրությունում պիտի փոփոխություն արվի։

«Եթե ահաբեկիչը համալրում է նրանց շարքերն ու ասում, որ մենք կգանք Ռուսաստան և կոչնչացնենք ձեր երկիրը, արդյո՞ք նա մեր քաղաքացին է։ Արդյո՞ք նա մուսուլման է, չեչեն կամ ինգուշ։ Սա դեռ առաջարկություն էլ չէ, սա դեռ իմ կարծիքն է։ Բայց ես զգուշացնում եմ, որ ԻՊ-ի շարքերը գնացողին այլևս Չեչնիա չեմ թողնելու»— հայտնել է Ռամզան Քադիրովը։

ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ հարցազրույցում Քադիրովը նաև վստահեցրել է, որ կկռվեր ԻՊ-ի դեմ, եթե դրա հնարավորությունը լիներ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կկռվեր ԻՊ-ի դեմ, եթե Ռուսաստանը միանար ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ղեկավարած ռազմական կոալիցիային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *