Հայաստանում նախապատրաստվում է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն

Հայաստանում սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մի շարք գերատեսչությունների և զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստման քննարկում

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստման քննարկում

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ռազմավարական իրավիճակի վերլուծության ու գնահատման մեթոդիկան, մատնանշվել են դրա հիմնական սուբյեկտները, ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում գերատեսչությունների, դրանց ենթակա ստորաբաժանումների տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանն ու ներդաշնակմանը միտված մի շարք առաջարկություններ:

Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է անել առավելագույնը զորավարժության նախապատրաստական փուլն ըստ պատշաճի և սահմանված ժամանակացույցի շրջանակներում անցկացնելու ուղղությամբ:

Նշենք, որ նույն զորավարժության նախապատրաստման նպատակով՝ ՀՀ նախագահի կարգադրությամբ հուլիսի 16-17-ին մարզում է անցկացվել առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ: Մարզումների մասնակիցների հրահանգավորմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մարզումների նպատակն է եղել կատարելագործել ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների տեսական և գործնական գիտելիքները պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, ղեկավար կազմին տալ գործնական փորձ՝ համապատասխան փաստաթղթերի մշակման և գործողությունների ճիշտ ալգորիթմ մշակելու ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը առողջապահության նախարարության և մյուս գերատեսչությունների միջև:

Ավելացնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային նախորդ մարզումներն անցկացվել են 2013-ի աշնանը: «Արձագանք-2013» մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվել են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվել է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

Զորավարժության կրակային փուլին մասնակցել է ՀՀ կառավարությունը: Զորավարժությանը հետևել նաև Ռազմինֆոյի թղթակից Հասմիկ Մելիքսեթյանը՝ ներկայացնելով զորավարժության կրակային փուլի ընթացքն ու արդյունքները:

Կառավարության անդամները Արձագանք-2013 զորավարժության ժամանակ

Կառավարության անդամները Արձագանք-2013 զորավարժության ժամանակ

One response to “Հայաստանում նախապատրաստվում է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *