Թուրքիայում կալանավորվել է ԻՊ-ի ադրբեջանցի գրոհային

Հուլիսի 27-ին Ստամբուլում իրականացված «հակաահաբեկչական գործողության» շրջանակներում ձերբակալված և ահաբեկչության մեջ կասկածվող 15 մարդկանցից 5-ի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել։ Այդ 5-ի թվում է նաև ԻՊ ադրբեջանցի գրոհային, ինքնահռչակ «Ստամբուլի էմիր» Աբդուլլա Աբդուլաևը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը։

Ստամբուլում  ԻՊ գրոհայինների պատասխանատու, ադրբեջանցի գրոհայինի հետ ձերբակալված Հալիս Բայանջուքը

Ստամբուլում ԻՊ գրոհայինների պատասխանատու, ադրբեջանցի գրոհայինի հետ ձերբակալված Հալիս Բայանջուքը

Նշվում է, որ կալանքի ենթարկված 5 ահաբեկիչներից 2-ը Քրդստանի աշխատավորական կուսակցության, իսկ 3-ը՝ «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ են։ Ձերբակալված մյուս 10 կասկածյալներն ազատ են արձակվել։ Կալանավորվածների մեջ է նաև Ստամբուլում ԻՊ-ի պատասխանատու Հալիս Բայանջուքը։

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցած տեղեկությունում նշվում է, որ թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքը հուլիսի 27-ին ընդհանուր առմամբ հարցաքննել է Ստամբուլում ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեղադրանքով ձերբակալված 117 մարդկանցից 39-ին, որոնք հետագա հարցաքննության համար ուղարկվել են տարբեր դատարաններ։

Բացի այդ, ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 38 քաղաքացի հանձնվել է ահաբեկչության դեմ պայքարի վարչության արտաքսման բաժնին, և վերջիններիս արտաքսելու են Ռուսաստան։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ից սկսած թուրքական ոստիկանությունը և ժանդարմերիան ավելի քան 10 հազար ուժայինների ներգրավվածությամբ «հակաահաբեկչական» գործողություններ են սկսել Թուրքիայի տարբեր նահանգներում։ Միայն առաջին օրը ձերբակալվել էր ավելի քան 300 մարդ։

Հուլիսի 27-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ 3 օրվա ընթացքում Թուրքիայի տարածքում ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 1050 մարդ։ Նշենք, որ հուլիսի 28-ին ձերբակալությունները ևս շարունակվել են։ Հավելենք, նաև որ ձերբակալվածների  մեծ մասը քրդական կազմակերպությունների անդամներ են։

Նշենք, որ Թուրքիան քրդական կազմակերպության նկատմամբ ակտիվ գործողություններ սկսեց վարել, երբ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվեց թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին։

One response to “Թուրքիայում կալանավորվել է ԻՊ-ի ադրբեջանցի գրոհային

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *