«Թալիբանի» զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգի մի մասը

«Թալիբան» ծայրահեղական շարժման անդամները հուլիսի 27 լույս 28-ի գիշերն Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգում գրավել են 80 բնակավայր: Վերջիններիս դեմ կռվի ժամանակ զոհվել կամ վիրավորել է մոտ 14 բնակիչ։ Այս մասին հայտնել է Կունդուզի նահանգապետ Մուհամմադ Յուսուֆ Այուբին. փոխանցում է Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքի կայքը։

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում

Հարձակման հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Նշենք, որ վերջին ամիսներին «Թալիբանին» հաջողվել է գրավել մի քանի շրջաններ, որոնք, սակայն, կառավարական ուժերը կարճ ժամանակահատվածում կրկին վերցրել են իրենց վերահսկողության տակ։

Նշենք, որ «Թալիբանի» և «Ալ Քաիդայի» զինյալները ներկայումս պայքարում են երկրից վերջնականապես հեռացնելու համար ամերիկյան և մյուս պետությունների զորքերը, որոնք Աֆղանստանում են ՆԱՏՕ-ի ու վերջինիս դաշնակիցների՝ Աֆղանստանում մեկնարկած ISAF առաքելության, իսկ 2015-ի հունվարի 1-ից՝ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում։

Հավելենք նաև, որ Աֆղանստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում «Թալիբանի» զինյալների հետ խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար։ Դեռևս մայիսի 3-ին, աֆղանական իշխանությունները «Թալիբանի» հետ զինադադար կնքելու ոչ պաշտոնական բանակցություններ են վարել Քաթարում, իսկ հուլիսի 7-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացել է նաև պաշտոնական բանակցությունների առաջին փուլը։

Հիշեցնենք, որ «Թալիբանի» ներկայացուցիչների հետ բանակացությունների երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել հուլիսի 30-ին Չինաստանում։

Քարտեզում նշված է Աֆղանստանի Քունդուզ նահանգը: Այն սահմանակից է Տաջիկստանի հետ, որտեղ էլ մայիսին անցկացվեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունը, որի նպատակն էր չեզոքացնել երկիր ներխուժած ահաբեկիչներին: Զորավարժությանը մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը:

Ահաբեկիչների դեմ պայքարի ևս մեկ զորավարժություն Տաջիկստանը հարևան Ղրղզստանի հետ կազմակերպել էր օրեր առաջ: Դրա սցենարով նույնպես պետք է իրավապահները ոչնչացնեին ահաբեկիչներին:

One response to “«Թալիբանի» զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգի մի մասը

  1. Pingback: «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը գրոհում է Աֆղանսատանի հյուսիսային Քունդուզ քաղաքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *