Թուրքիայի ԶՈւ-ն ավիահարվածներ է հասցրել Իրաքում PKK-ի ճամբարներին

Թուրքիայի զինված ուժերը հուլիսի 24-ի երեկոյան, հուլիսի 25-ին և 26-ին F-16 կործանիչներով ավիահարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական ճամբարներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Հավելենք, որ Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության, ինչպես նաև նույն ժամանակ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցված ավիահարածների տեղեկությունը հաստատել է Թուրքիայի կառավարությունը՝ հուլիսի 25-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Նշվում է, որ ահաբեկչական կառույցների դեմ պայքարում ձեռնարկվելիք միջոցառումների որոշումները կայացվել են հուլիսի 23-ին և 25-ին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ հրավիրված անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում։ Մասնավորապես խոսքը «Իսլամական պետություն» խմբավորման և քրդական PKK-ի, վերջինիս հետ կապված կազմակերպությունների և կրկին քրդական Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ (DHKP-C) կազմակերպության դեմ տարվող միջոցառումների մասին է՝ ինչպես Թուրքիայի սահմաններում՝ այնպես էլ վերջինիս սահմաններից դուրս։

Իրականացված ավիահարվածների հետևանքով խոցվել են Իրաքի հյուսիսային Զապ, Մեթինա, Գարա, Ավաշին-Բասյան, Սինաթ Հաֆթանին, Հաքուրք և Քանդիլ շրջաններում տեղակայված PKK ստորաբաժանումների դիրքերը, բազմաթիվ պահեստներ և ռազմական նշանակության կետեր։ Միևնույն ժամանակ Սիրիայում ԻՊ-ի, իսկ Իրաքում PKK-ի դիրքերին հարվածներ են հասցրել նաև Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերը։

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

Թուրքական կառավարության՝ հուլիսի 25-ի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Իրաքում և Սիրիայում կազմակերպված ռազմական գործողությունների մասին թուրքական կողմը տեղեկացրել է ՄԱԿ-ին և ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի տարածքում «հակահաբեկչական գործողություններ» են իրականացրել թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի ստորաբաժանումները։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչները դուրս են եկել Դիարբեքիրի 8-րդ ավիաբազայի տարածքից։ «Հյուրիեթի» տեղեկության համաձայն՝ ընդհանուր առմամբ Իրաքում PKK-ի դիրքերին հարվածներ հասցնելու համար Թուրքիայի օդուժն օդ է բարձրացրել շուրջ 50 միավոր F-16 և 25 միավոր F4 «Տերմինատոր» մոդիֆիկացիայի կործանիչներ։ Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի տարածքում քրդական կազմակերպության շուրջ 400 թիրախների։

Ավելացնենք, որ թուրքական «Ռադիկալ» պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանական «Թայմս» պարբերականը PKK-ի դիրքերին հասցված ավիահարվածները համարել է «հիմարություն»՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրաքի և Սիրիայի տարածքներում ԻՊ-ի ահաբեկչական գործողությունները կանխող հիմնական ուժը քրդական կազմակերպություններն են, և վերջիններիս դիրքերի թուլացումը կարող է բերել ԻՊ-ի աշխուժացմանը։

Հավելենք, որ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ PKK-ի ղեկավարությունը կազմակերպված ավիահարվածներից հետո հայտարարել է, որ այլևս անիմաստ է խոսել ավելի քան 4 տարի պահպանվող զինադադարի մասին, որը թուրքական կողմի գործողությունների հետևանքով կորցնում է իր նշանակությունը։

3 responses to “Թուրքիայի ԶՈւ-ն ավիահարվածներ է հասցրել Իրաքում PKK-ի ճամբարներին

  1. Pingback: Թուրքիան հերթական ավիահարվածներն է հասցրել Իրաքում PKK-ի դիրքերին | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքական օդուժը Սիրիայի հյուսիսում հարվածել է ԻՊ-ի հենակետերին | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքական օդուժը հարվածել է PKK-ի հենակետերին Իրաքի հյուսիսում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *