Չինաստանում կկայանա Աֆղանստանի կառավարության և «Թալիբանի» բանակցությունների 2-րդ փուլը

Արդեն 14 տարի շարունակվող պատերազմին վերջ տալու համար Աֆղանստանի իշխանություների և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 30-ին Չինաստանում։  Այս մասին հուլիսի 24-ին ամերիկյան Associated Press լրատվական գործակալությանը հայտնել է Աֆղանստանի՝ ապստամբների հետ բանակցությունների համար պատասխանատու մարմնի՝ Խաղաղության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Մոհամմադ Իսմալի Քասիմյարը։

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում

Վերջինս հավելել է, որ առաջիկա օրերին կճշտվի նաև բանակցությունների մասնակիցների ցուցակը և նշել, որ Չինաստանում կայանալիք բանակցությունների ժամանակ պաշտոնական Քաբուլն առաջարկելու է ժամանակավոր զինադադար, ինչը շատ անհրաժեշտ է խնդրի կարգավորման համար, քանի որ այս տարվա ապրիլից «Թալիբանը» նոր թափով է սկսել ահաբեկչական գործողություններ իրականացնել։

Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու համար պայքարող «Թալիբանի» հետ պաշտոնական բանակցությունների առաջին փուլը կայացել է հուլիսի 7-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Իսկ մինչ այդ՝ մայիսի 3-ին, աֆղանական իշխանությունները «Թալիբանի» հետ զինադադար կնքելու ոչ պաշտոնական բանակցություններ են վարել նաև Քաթարում: Այս դռնփակ բանակցությունները ձախողվել են, քանի որ «Թալիբանի» ներկայացուցիչները ոչ մի զիջման չեն գնացել և պահանջել են երկրից ամբողջությամբ դուրս բերել ամերիկյան զորքերը:

Նշենք, որ 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկչական հարձակումից հետո ՆԱՏՕ-ն ու վերջինիս դաշնակիցներն Աֆղանստանում պայքարում են «Ալ Քաիդայի» և «Թալիբան» շարժման դեմ, որոնք 1996-ից 2001 թթ. լուրջ դեր են խաղացել այս երկրի քաղաքական կյանքում: Դաշինքի ISAF առաքելության շրջանակներում Աֆղանստանում պայքարել են «Թալիբան» շարժման և «Ալ Քաիդայի» դեմ, որոնք էլ իրենց հերթին ձգտում են միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից:

ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է  «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը: Այս ծրագրի շրջանակներում Աֆղանստանում թողնվել է 9800 ամերիկացի զինծառայող:

Հավելենք նաև, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ջեյմս Քանինհեմը 2014-ի սեպտեմբերի 30-ին մայրաքաղաք Քաբուլում ստորագրել էին անվտանգության պայմանագիր, որով ԱՄՆ-ն 2014-ին պետք է կրճատեր Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը՝ 32 հազարից հասցնելով 9,8 հազարի, 2015-ի վերջում այն կրճատել ևս երկու անգամ, իսկ 2016-ի վերջում զորքերը վերջնականապես դուրս բերել Աֆղանստանից:

Սակայն դեռևս մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ:

One response to “Չինաստանում կկայանա Աֆղանստանի կառավարության և «Թալիբանի» բանակցությունների 2-րդ փուլը

  1. Pingback: «Թալիբանի» զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգի մի մասը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *