Թուրքիայի ԶՈւ սահմանապահների շուրջ 50%-ը տեղակայված է Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի ցամաքային սահմանների պահպանությունն իրականացնում է ԶՈւ 13 բրիգադ՝ ամբողջ անձնակազմով, ևս 9 բրիգադից որոշակի ստորաբաժանումներ, 7 սահմանապահ գունդ, 46 սահմանապահ գումարտակ, 158 սահմանապահ վաշտ և սահմանի երկայնքով տեղակայված 317 սահմանային պահակակետ՝ յուրաքանչյուրում  մոտ 35 զինծառայող։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ԶՈւ ԳՇ տրամադրած զեկույցի տվյալները։

Թուրքիայի զինծառայողները թուրք-սիրիական սահմանի մոտակայքում

Թուրքիայի զինծառայողները թուրք-սիրիական սահմանի մոտակայքում

Նշված ստորաբաժանումներից Սիրիայի հետ սահմանին տեղակայված է 18 գումարտակ, այդ թվում՝ 12 սահմանապահ գումարտակ, 3 մեքենայացված հետևակային գումարտակ, տանկային 1 գումարտակ, մոտոհրաձգային՝ 1 և կոմանդոսների հատուկ նշանակության 1 գումարտակ և 139 սահմանային պահակակետ, որտեղ ծառայություն է իրականացնում մոտ 20 հազար զինծառայող, որը ցամաքային սահմաններում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ զինծառայողների թվի մոտ կեսն է։

Բացի այդ, թուրք-սիրիական սահմանին տեղակայվել է 241 միավոր մարտական թրթուռավոր մեքենա, 286 միավոր ջերմային տեսախցիկ, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում առկա ԱԹՍ-ների և անօդաչու ցամաքային սարքերի շուրջ 90 տոկոսը։

Նշենք, որ Թուրքիան սահմանակից է Բուլղարիային, Հունաստանին, Սիրիային, Իրաքին, Իրանին, Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Սահմանի ամենաերկար հատվածը բաժին է ընկնում Սիրիային (900 կմ-ից ավել)։ Թուրքիան ելք ունի Սև, Միջերկրական, Մարմարա և Էգեյան ծովեր։ Թուրքիայի ցամաքային սահմանը կազմում է 2,949 կմ, իսկ ծովային սահմանը՝ 8,333 կմ։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ տրամադրած տվյալներում չեն ներառվել վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումների և տեխնիկայի մասին տեղեկություններ։ Ըստ որոշ տվյալների՝ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ԶՈւ ներկայությունն առնվազն կրկնապատկվել է։ Տեղակայվել են նաև լրացուցիչ հրթիռահրետանային միջոցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *