Ռազմարդյունաբերական Lockheed Martin ընկերությունը 9 մլրդ դոլարով գնում է Sikorsky-ին

Ամերիկյան աերոտիեզերական և պաշտպանական ոլորտում բարձրագույն տեխնոլոգիաներ նախագծող Lockheed Martin ընկերությունը United Technologies կորպորացիայի հետ ստորագրել է  Sikorsky (Սիկորսկի) ուղղաթիռաշինական ընկերությունը գնելու վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտնում է Sikorsky ընկերության ներկայիս սեփականատեր United Technologies (UTC) կորպորացիայի կայքը։

Sikorsky ընկերության UH-60M Black Hawk ուղաթիռ

Sikorsky ընկերության UH-60M Black Hawk ուղաթիռ

Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ UTC-ն արդեն իսկ Sikorsky-ին վաճառելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Lockheed Martin-ի հետ։ Ըստ այդ համաձայնագրի՝ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 9 մլրդ ամերիկյան դոլար, իսկ վաճառքի գործընթացը պետք է ավարտվի մինչև այս տարվա վերջ կամ առավելագույնը 2016-ի առաջին քառորդում։

UTC-ի ղեկավար Գրեգորի Հայեսը (Gregory Hayes) հայտարարել է, որ իրենք չափազանց ուրախ են այս գործարքի համար, քանի որ վաղուց ցանկանում էին դուրս գալ ուղղաթիռաշինական բիզնեսից և զբաղվել միայն աերոտիեզերական տեխնոլոգիաների արտադրությամբ և նորագույն տեխնոլոգիաների մշակմամբ։  «Lockheed Martin ընկերությունը աշխարհում խոշորագույն աերոտիեզերական ընկերություններից մեկն է, և Sikorsky-ի արտադրանքներն ավելի մրցունակ ու տեխնոլոգիապես հագեցված կարող են լինել»,— հայտարարել է Գրեգորի Հայեսը։

Նշենք, որ դեռևս ընկերությունը քննարկում է վաճառքի վերջնական պայմանները և լրացուցիչ տեղեկությունները կհայտնի իր կայքի միջոցով։

Հավելենք, որ Lockheed Martin ընկերության կայքը ևս հայտնել է գործարքի մասին։ Ընկերության ղեկավարը հայտնել է, որ այս գործարքը թույլ կտա տիրապետող դիրքեր ունենալ ուղղաթիռաշինության շուկայում։ Ավելացնենք, որ այս գործարքը կդառնա վերջին մի քանի տարվա ընթացքում ամենախոշոր գործարքը աերոտիեզերաշինության ոլորտում։

Sikorsky Aircraft ընկերությունը 1923-ին հիմնադրել է 1919 թվականին Ռուսական կայսրությունից ԱՄՆ արտագաղթած Իգոր Սիկորսկին։ Մինչ այդ Սիկորսկին հասցրել էր իր հայրենիքում նախագծել «Ռուսսկի վիտյազ» և «Իլյա Մուրոմեց» ծանր ինքնաթիռները, որոնք դարձել էին բազմաշարժիչային ավիացիայի հիմքը։ Sikorsky ընկերության գործարանը Ստրատֆորդում է՝ Կոննեկտիկուտի նահանգում։ Արտադրում է ուղղաթիռներ և այլ թռչող սարքավորումներ,որոնցից ամենահայտնին Black Hawk բազմանպատակային ուղղաթիռն է։ Ընկերությունում աշխատում է շուրջ 15 հազար մարդ, իսկ տարեկան եկամուտը մոտ 7 մլրդ ամերկյան դոլար է։

Հավելենք նաև, որ ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է ԱՄՆ նախագահի և Սպիտակ տան աշխատակազմի ուղղաթիռափոխադրումները։

Տեղին է նշել, որ 2005-ից մինչև 2012 թվականները այդ իրավունքը Sikorsky ընկերությունից աշխատում էր վերցնել նույն Lockheed Martin ընկերությունը։ Սակայն 2014-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնել էր, որ մրցույթում հաղթել է Sikorsky-ին, և այն շարունակելու է իրականացնել ԱՄՆ ղեկավարության ուղղաթիռափոխադրումները։ Այսինքն՝ նաև պետք է փաստել, որ ուղղաթիռաշինության ոլորտում ընկերությունները տարիներ շարունակ լուրջ մրցակիցներ են եղել։

Ավելացնենք նաև, որ շուրջ 116 000 աշխատակից ունեցող Lockheed Martin ընկերությունն աշխարհում աերոտիեզերական և պաշտպանական ոլորտում բարձրագույն տեխնոլոգիաներ նախագծող խոշորագույն ընկերություններից մեկն է։ Վերջինիս է պատկանում նաև հինգերորդ սերնդի F-35 կործանիչի նախագիծը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *