Թուրքիայում մարզված սիրիական գրոհայինների առաջին խումբն արդեն Սիրիայում է

Թուրքիայի տարածքում մարզումներ անցնող «Սիրիայի ազատ բանակ» զինյալների խմբավորման զինծառայողների առաջին խումբը՝ 54 զինյալները ավարտել են մարզումները և հուլիսի 12-ին հատելով թուրք-սիրիական սահմանը՝ տեղակայվել են Ազեզեի շրջանում։ Այս մասին հուլիսի 14-ին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թուրքական բաժինը՝ փոխանցելով սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունը։

Թուրքիայի տարածքում մարզված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներ

Թուրքիայի տարածքում մարզված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներ

Նշվում է, որ «Սիրիայի ազատ բանակի» կազմում ընդգրկված 9 խմբավորումների 54 մարտիկները, որոնց 74 օր Թուրքիայի տարածքում մարզում էին ԱՄՆ զինված ուժերի հրահանգիչները, 30 բեռնատար ավտոմեքենաներով Թուրքիայի Քիլիսի շրջանում հատել են սահմանը և տեղակայվել Սիրիայի Հալեպի նահանգի Ազեզ շրջանի Մալիքիե ավանում։

Ըստ հաղորդվող տեղեկության՝ Թուրքիայի տարածքում մարզված գրոհայինները նախապատրաստվում են պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի Սավրան քաղաքի շրջակայքում դիրքավորված գրոհայինների դեմ։ Սիրիական մարտիկները մարզումներից զատ նաև սպառազինվել են ԴՇԿ տեսակի 12,7 մմ տրամաչափի գնդացիրներով, ամերիկյան արտադրության Մ16 հրացաններով։

Հավելենք նաև, որ Թուրքիայի տարածքում մարզվող սիրիական գրոհայիններից զատ՝ ԱՄՆ-ն 100 հոգանոց մեկ այլ խումբ մարզում էր Հորդանանի տարածքում, որը շուրջ 25 օր առաջ արդեն իսկ վերադարձել է Սիրիա։

Ավելացնենք, որ «Սիրիայի ազատ բանակ խմբովորման»՝ ԱՄՆ-ի կողմից մարզված մարտիկները համալրում են «30-րդ դիվիզիա» խմբի շարքերը, որը հիմնականում ստեղծվել է Սիրիայի բանակից փախուստի դիմած զինծառայողներով և ղեկավարվում է Ասադի բանակի՝ ազգությամբ թուրքմեն գնդապետ Նեդիմ Հասանի կողմից։

Նշենք, որ Թուրքիան Սիրիայում վերջնական խաղաղության հաստատման համար զինյալների մարզումների վերաբերյալ բանակցությունների մեկնարկից մինչ օրս առաջնային պայման է համարում Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիային սահմանակից տարածքներում ոչ թռիչքային գոտի սահմանելն ու միաժամանակ Ասադի կառավարության դեմ պայքարելը: Սակայն ԱՄՆ-ն դեմ է դրան, քանի որ օդային տարածքի փակումը կնշանակի Սիրիայի հյուսիսում կոալիցիոն ուժերի ավիահարվածների դադարեցում: Փաստացի Սիրիայի օդային տարածքը չի փակվում:

Հատկանշական է, որ և´ սիրիացի ընդդիմադիրների մի մասը, և´ ամերիկացի մի շարք կոնգրեսականներ դժգոհ են մարզումների ծրագրից՝ այն համարելով շատ փոքր և դանդաղ զարգացող: Մարզումները հյուրընկալող պետությունների (Թուրքիա, Հորդանան և Սաուդյան Արաբիա) հետ մարզումների վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2014-ի նոյեմբերից, իսկ բուն մարզումները նախատեսված էին մեկնարկել դեռ 2015թ. մարտին:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի տարածքում մարզված գրոհայինների մեծ մասը եղել են ազգությամբ թուրքմեններ։ Չի բացառվում, որ այդ գրոհայիներն օգտագործվելու ն ոչ միայն ԻՊ-ի, այլև՝ քրդական ուժերի և Ասադի բանակի դեմ պայքարում։

One response to “Թուրքիայում մարզված սիրիական գրոհայինների առաջին խումբն արդեն Սիրիայում է

  1. Pingback: Սիրիայում է ԱՄՆ-ի ծրագրով մարզված ասպտաբների հերթական խումբը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *