Վրաստանի պաշտպանության նախարարն առաջարկում է վերացնել պարտադիր զինծառայությունը

«Պարտադիր ժամկետային զինծառայությունը մինչև 2016-ը պիտի վերացվի։ Ես պատրաստ եմ խորհրդարանական ցանկացած ձևաչափով սկսել քննարկումները։ Անհարժեշտ է փոխհամաձայնության գալ, թե ինչպիսի բանակ ենք ուզում։ Կարծում եմ, որ մեր բանակն ամբողջովին պիտի լինի պայմանագրային հիմունքներով»։ Այս մասին հուլիսի 9-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ

Խիդաշելին նշել է նաև, որ խտրականություն չի համարում, երբ Վրաստանի քաղաքացիները  2 հազար լարի (մոտ 890 ԱՄՆ դոլար) են վճարում տարկետման համար։ Վերջինս հավելել է, թե դա «այն գումարը չէ, որի պատճառով կարող ենք խոսել սոցիալական խտրականության մասին»։

Խիդաշելին վստահեցրել է, որ ըստ իրենց այս բարեփոխումը  Վրաստանի պատմության մեջ մեծագույն ձեռքբերում կլինի։

«Սա հիմնավոր և ուղիղ իմաստով հեղափոխական փոփոխություն է, որ Վրաստանի ոչ մի կառավարություն չի անել համարձակվել»,—նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության  նախկին անդամ, պատգամավոր Զուրաբ Ջապարիձեն Facebook սոցիալական ցանցի իր էջում հունիսի 25-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ  կոչ էր անում վերացնել պարտադիր զինվորական ծառայությունն ու անցնել պրոֆեսիոնալ բանակի։

«Պարտադիր զինվորական ծառայությունը պիտի վերացվի, քանի որ ժամանակակից աշխարհում, որտեղ որոշիչ նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիական զինատեսակները, միայն պրոֆեսիոնալ բանակը կարող է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը»,—նշել է Ջապարիձեն։

Նրա պնդմամբ, պետությունը ամեն տարի երիտասարդներին ստիպում է իր կյանքից մեկ տարի ծախսել։ «Ուղղակի կամ անուղղակի ծախսերը, որոնք ծախսվում են այս համակարգի վրա անմիտ են։  Երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով ավելի լավ է այդ միջոցներն ուղղել պրոֆեսիոնալ բանակին անցմանը»,—վստահեցրել է պատգամավորը։

Հարկ է նշել, որ 2013-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» օրենքում փոփխությունները, որոնք ենթադրում էին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 18 ամսից 12 ամիս կրճատելը։

2 responses to “Վրաստանի պաշտպանության նախարարն առաջարկում է վերացնել պարտադիր զինծառայությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարը ստորագրել է պարտադիր զինծառայության հանման հրամանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *