Նախարար Օհանյանն այցելել է Նախիջևանի սահման

Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նախիջևանի հետ սահմանի դիրքերում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նախիջևանի հետ սահմանի դիրքերում

Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման, դիրքերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակին:

Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են եղել նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, ճաշացանկը, սննդի որակը, տեսականին և պահպանման պայմանները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, ստուգել է սպառազինության և տեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաև նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքը։ Իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ դրական են գնահատվել:

Աշխատանքային այցն ամփոփվել է բանակային զորամիավորման հրամանատարության հետ անցկացված խորհրդակցությամբ, որի ընթացքում ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել են որոշակի խնդիրներ, ցուցումներ և հանձնարարականներ:

Սեյրան Օհանյանին ներկայացնում են առաջնագծի իրավիճակը

Սեյրան Օհանյանին ներկայացնում են առաջնագծի իրավիճակը

Պաշտպանության նախարարը դիրքապահների սառնարանի պարունակությունն ուսումնասիրելիս

Պաշտպանության նախարարը դիրքապահների սառնարանի պարունակությունն ուսումնասիրելիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *