Թուրքական ընկերությունը հայտնում է տեղական ՀՕՊ համակարգի հաջող փորձարկման մասին

Թուրքական արտադրության, ցածր հեռահարության «Հիսար-Ա» ՀՕՊ համակարգը հունիսի 19-ից 24-ը անցել է ինքնակառավարման համակարգի, ինչպես նաև կրկնակի իմպուլսային շարժիչով հրթիռի բալիստիկայի փորձարկումներ, ինչը նորություն է թուրքական արտադրության հրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնում է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության կայքը։

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած ցածր հեռահարության «Հիսար-Ա» ՀՕՊ համակարգի փորձարկումները

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած ցածր հեռահարության «Հիսար-Ա» ՀՕՊ համակարգի փորձարկումները

փորձարկումներն իրականացվել են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարության, պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության և «Ասելսան» ու «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայաչուցիչների ու մասնագետների մասնակցությամբ՝ Թուրքիայի կենտրոնական Աքսարայ նահանգի տարածքում։

Փորձարկումների ընթացքում «Հիսար-Ա» հրթիռերը նախ առաջին իմպուլսային շարժիչի միջոցով բաց են թողնվել արձակման կայանից, ապա երկրորդ իմպուլսային շարժիչի միջոցով օդում շարժման ընթացքում իրականացվել է հրթիռի ինքնակառավարման ղեկավարումը և պլանավորված խուսանավումները։

Նշվում է, որ Թուրքիայում առաջին անգամ է իրականացվել երկու իմպուլսային շարժիչներով սպառազինված հրթիռի հաջող փորձարկում։

Հավելենք, որ զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։ Համակարգը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին։

Նշենք նաև, որ այս ՀՕՊ համակարգի առաջին կրակային փորձարկումն անցկացվել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին Թուզ լճի մոտակայքի զորավարժարանում։ ՀՕՊ համակարգի հրթիռների առավելագույն հեռահարությունը 10 կմ է։

«Հիսար-Ա» ցածր հեռահարության ՀՕՊ համակարգի ռադարային համակարգը, կառավարման և կրակային ղեկավարման սարքավորումներն արտադրում է «Ասելսան» ընկերությունը, իսկ հրթիռները և պլատֆորմը՝ «Ռոքեթսան» ընկերությունը։

One response to “Թուրքական ընկերությունը հայտնում է տեղական ՀՕՊ համակարգի հաջող փորձարկման մասին

  1. Pingback: Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության ՀՕՊ համակարգ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *