Բրիտանական SAS-ը կարող է ԻՊ-ի դեմ հատուկ գործողություններ սկսել Սիրիայում և Իրաքում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկրի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկին՝ SAS-ին (Special Air Service – Հատուկ օդային ծառայություն), թույլ է տվել գործողություններ սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների ոչնչացման համար: Սեփական աղբյուրների վրա հղումով այս մասին հուլիսի 5-ին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

SAS հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկը SCAR-H հրացանով

SAS հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկը SCAR-H հրացանով

Պարբերականի տվյալներով՝ բրիտանական հատուկ նշանակության ուժերը մոտ 100 հոգի անձնակազմով ամերիկյան նույնատիպ ստորաբաժանումների հետ կատարելու են գաղտնի գործողություններ, սպանեն կամ ձերբակալեն ԻՊ պարագլուխներին ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:

Բրիտանիայի վարչապետը նման որոշում ընդունել է այն բանից հետո, երբ Թունիսում իսլամական ծայրահեղականների կազմակերպած ահաբեկչության պատճառով սպանվել էր մոտ 30 բրիտանացի: Ահաբեկչության կազմակերպման համար կասկածվում է հենց «Իսլամական պետությունը»:

Բրիտանական մեկ այլ՝ Express պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան հատուկ ստորաբաժանումների 50 հոգանոց անձնակազմ է ուղարկելու Թունիս՝ տեղի իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարը կազմակերպելու և Թունիսի բանակային ստորաբաժանումներին մարզելու համար:

Պետք է շեշտել, սակայն, որ նշված երկու պարբերականն էլ դեղին են և երբեմն հրապարակում են սենսացիոն լուրեր, որոնք չեն հաստատվում:

Հատուկ գործողություններից բացի, բրիտանացիները մտադիր են նաև ԻՊ դեմ ավիահարվածեր սկսել Սիրիայում: Մինչ այս՝ 2014թ. սեպտեմբերից, բրիտանական օդուժը 8 միավոր Tornado մարտական ինքնաթիռներով ավիահարվածներ էր հասցնում «Իսլամական պետություն» խմբավորման՝ միայն Իրաքում տեղակայված դիրքերին: Բայց նախորդ շաբաթ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք մտադիր են 2015թ. սեպտեմբերից ԻՊ դեմ պայքարել նաև Սիրիայի տարածքում:

Սակայն դրա համար բրիտանական կառավարությանն անհրաժեշտ է երկրի խորհրդարանի հաստատումը, ինչը կարող է և չստացվել, քանի որ խորհրդարանը միշտ չէ աջակցում երկրի վարչապետին, ինչպես հայտնում է բրիտանական Financial Times հեղինակավոր պարբերականը:

2 responses to “Բրիտանական SAS-ը կարող է ԻՊ-ի դեմ հատուկ գործողություններ սկսել Սիրիայում և Իրաքում

  1. Pingback: Թունիսը Լիբիայի հետ սահմանին պատ է կառուցում՝ ահաբեկիչների մուտքը կանխելու համար | Ռազմ.info

  2. Pingback: Բրիտանացի զինծառայողները մասնակցել են Սիրիայի ավիահարվածներին՝ չնայած խորհրդարանի արգելքին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *