Թուրքիան դեռևս չի պատրաստվում ներխուժել Սիրիա․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ  Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների և զրահամեքենաների՝ Սիրիայի հետ սահմանին վերջին օրերին մեծ թվով կուտակումները ուղղված են Թուրքիայի սահմանների անվտանգության պահպանությանը։ Այս մասին Ահմեթ Դավութօղլուն հայտնել է թուրքական «Կանալ-7» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Ըստ Դավութօղլուի՝ դեռևս սահմանի հակառակ կողմում որևէ գործողություն իրականացնելու ոչ մի որոշում չկա, սակայն Թուրքիան իր կողքին չի ուզում տեսնել ո´չ վարչակարգի (նկատի ունի Ասադի կառավարությանը), ո´չ էլ ահաբեկչական որևէ կազմակերպության դաժանությունները։ Ըստ այդմ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները հրահանգավորվել են պատասխանել սահմանի մյուս կողմից Թուրքիայի սպառնացող ցանկացած վտանգի։

Հուլիսի 3-ին թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալության փոխանցած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերի, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչները հուլիսի 3-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին ստիպել են դուրս գալ Սիրիայի հետ սահմանի այն գոտուց, որտեղ մեծ թվով ռազմական տեխնիկա և զինծառայողներ են կուտակվել։

Նշվում է, որ այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, նախ ոստիկանության, ապա Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները մոտեցել են Թուրքիայի Քարքամըշ քաղաքում տեղակայված զորամիավորումների տեղաշարժերը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հայտնել, որ այդ շրջանը այսուհետ անորոշ ժամանակով երկրորդ աստիճանի ռազմական գոտի է, և արգելվում է լրատվամիջոցների մուտքն այդ տարածք։

Բարձրաստիճան զինվորական ներկայացուցչի հայտարարությունից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ թուրք-սիրիական սահմանի այդ շրջանից։ Նշենք, որ Քարքամըշ քաղաքը տեղակայված է սիրիական Ջարաբլուս քաղաքի դիմաց, որը դեռևս գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցության գոտում։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին «Անադոլու» լրատվական գործակալության տարածած հայտարարությունում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիգադը Քիլիսի շրջան է ուղարկել 32 միավոր տանկ, ինչպես նաև զրահափոխադրիչներ, ՀՄՄ-ներ և այլ զրահամեքենաներ, որոնց մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում։ Նույ զրահատանկային բրիգադը զրահատեխնիկա է կուտակում նաև Սիրիայի սահմանին գտնվող Քարքամըշ գավառում։

Քիլիսի դիմաց գտնվող Սիրիայի Հալեպ նահանգի Ազեզ ավանում մարտեր են ընթանում ԻՊ-ի զինյալների և արաբական ընդդիմադիր ուժերի մարտիկների միջև։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» օրաթերթի կայքում հունիսի 28-ին տպագրված հոդվածում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է 18000-անոց զորքով մտնել Սիրիա՝ Թուրքիայի հյուսիսային շրջանների անվտանգությունն ապահովելու համար։

Հավելենք նաև, որ հունիսի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե վերջինս ինչ կարող է ասել այն լուրերի մասին, որ Թուրքիան նախապատրաստվում է ներխուժել Սիրիա, նշել է, որ դրա վերաբերյալ հայտարարություն կարվի հունիսի 29-ին կայանալիք ԱԱԽ նիստից հետո։

Նշենք, որ հունիսի 29-ի ԱԱԽ նիստում քննարկման հիմնական թեման՝ համաձայն «Անադոլու» գործակալության տեղեկության, եղել է Սիրիայում զարգացող իրադարձությունները։ Մասնավորապես ընդգծվել է, որ այդ իրադարձությունները սկսում են լրջորեն սպառնալ Թուրքիայի անվտանգությանը։ Կայացված որոշումների մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հաղորդվում։

2 responses to “Թուրքիան դեռևս չի պատրաստվում ներխուժել Սիրիա․ Դավութօղլու

  1. Pingback: Թուրքիան հատուկ նշանակության ստորաբաժանումներ է տեղակայում Սիրիայի սահմանին | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը քննարկում է Սիրիա ներխուժելու նպատակահարմարությունը. «Հյուրիեթ» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *