Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունիսին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 12 դեպք, վիրավորման դեպքեր չեն արձանագրվել։ Մահացածներից մեկը ԱԻՆ զինծառայող էր, 3-ը՝ սահմանապահ պետական ծառայության, մնացած 8-ը՝ զինված ուժերի։

Ադրբեջանցի մահացած զինծառայողների հարազատներ

Ադրբեջանցի մահացած զինծառայողների հարազատներ

Բուն զինված ուժերում գրանցված և հայտնի դարձած 8 դեպքերից Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է միայն 2-ի մասին։ Ըստ մահվան պատճառների` գրանցված դեպքերից 4-ը ինքնասպանության արդյունք են, 2-ը՝ նախնական վարկածով ականի պայթյունի, 3-ը՝ ավտովթարի, 1-ը՝ սպանության, 1-ը դժբախտ պատահարի, իսկ մեկն էլ սպանվել է հայկական կողմի դիպուկահարի գնդակից։

Հունիսի 5-ին Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ քաղպաշտպանության զորքերի զորամասերից մեկում պաշտոնական վարկածով դժբախտ պահատարի հետևանքով մահացել է զինծառայող, 1992-ին ծնված և Բաքվի Նարիմանովի շրջանից զորակոչված շարքային Մամմեդով Ալլահյար Նազիմ օղլուն (Məmmədov Allahyar Nazim oğlu)։ Հաղորդագրությունում նշվում էր, որ միջադեպը գրանցվել է զորամասի տեխնիկայի պարկում։ Զինծառայողն աշխատելիս է եղել նշված վայրում և մահացել անզգուշության հետևանքով ծագած դժբախտ պատահարից։

Հունիսի 13-ին ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըք» թերթը հայտնել է, որ դեռևս չճշտված հանգամանքներում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Դեվրիշով Էլվին Էթիբար օղլուն (Dəvrişov Elvin Etibar oğlu)։ Հաջորդ օրը նույն աղբյուրը տեղեկացրել է, որ ստացված հավելյալ տեղեկությունների համաձայն՝ Դեվրիշովը սպանվել է հայկական զինուժի դիպուկահարի գնդակից։

Հունիսի 15-ին սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ դրան նախորդող օրերին ինքնասպան է եղել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 19-ամյա Թափթըգլը Էլնուր Էլչին օղլուն (Taptıqlı Elnur Elçin oğlu)։ Հայտնի է նաև, որ նա ծառայում էր զինված ուժերի 812-րդ բրիգադում և զորակոչվել էր Աղդաշի շրջանից։

Հունիսի 16-ին, ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի կայքի փոխանցմամբ, Գետաբեկում տեղակայված զորամասերից մեկում իրեն կախելով ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող, ում անունը դեռևս չի հաջողվել ճշտել։ Թերթն իր հրապարակման մեջ նշում էր, որ ինքնասպան եղած զինծառայողը պարբերաբար ենթարկվել է ֆիզիկական բռնության, ինչն էլ, հավանաբար, դրդել է նրան դիմել նման քայլի։

Հունիսի 19-ին ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի կայքը հայտնել է, որ հունիսի լույս 19-ի գիշերը Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ստացած հրազենային վիրավորումից մահացել է Բեյլագանից զորակոչված ժամկետային զինծառայող Էլիսման Աբբասլըն (Əlisman Abbaslı)։ Հրապարակման մեջ նշվում էր, որ մահացած զինծառայողի հարազատներին հայտնել են, թե Աբբասլըն, գողանալով զինանոցի բանալին, զենք է վերցրել այնտեղից և ինքնասպան եղել՝ կրակելով իրեն կոկորդի շրջանում։ Նշվում է նաև, որ զինծառայողի զորացրմանը մնացել էին հաշված օրեր։

Հունիսի 20-ին հայտնի է դարձել, որ նույն օրը Ադրբեջանի Գախ-Շաքի ավտոճանապարհի առաջին կիլոմետրին գարնցվել է ավտովթար, որի հետևանքով մահացել են սահմանապահ պետական ծառայության պայմանագրային 3 զինծառայողներ։

Նրանք էին.
• կրտսեր ենթասպա Աբբասով Մաարիֆ Ալիջան օղլու (Abbasov Maarif Əlican oğlu)
• կրտսեր ենթասպա Նիֆթիև Աժդար Փաշա օղլու (Niftiyev Əjdər Paşa oğlu)
• կրտսեր ենթասպա Շամիլլի Անար Իխթիյար օղլու (Şəmilli Anar İxtiyar oğlu)

Ավտովթարից զոհված զինծառայողները

Ավտովթարից զոհված զինծառայողները

Հունիսի 23-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ զինված ուժերի երկու զինծառայող, հատելով հայ-ադրբեջանական սահմանը Ղազախի հատվածում (սահմանակից է Տավուշի մարզին), «հայտնվել են Հայաստանի տարածքում»։ Նշվում էր նաև, որ պայմանագրայիններ, կրտսեր սերժանտ Մուսաև Մուսա Սաբիր Օղլուն և կրտսեր սերժանտ Յոլչուև Թուրալ Սահիբ օղլուն (Musayev Musa Sabir oğlu, Yolçuyev Tural Sahib oğlunu) «Հայաստանում են հայտնվել սխալմամբ՝ մոլորվելով լեռնաանտառային գոտում»։ Հունիսի 25-ին, սակայն, ադրբեջանական կողմը հաղորդեց, որ պայմանագրային երկու զինծառայողների դիերը, դուրս են բերվել հայ-ադրբեջանական սահմանի՝ Ղազախի շրջանին սահմանակից միջդիրքային գոտու ականապատ տարածքից։

Հունիսի 25-ին սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ Նախիջևանի Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Ասիմ Մեմմեդզադեն (Asim Məmmədzadə) իր ծառայողական զենքից կրակել է ծառայակից Գուրբանով Փերվիզ Էլսեվեր օղլուի վրա (Qurbanov Pərviz Elsevər oğlu), ով ստացած հրազենային վիրավորումից մահացել է։

Հունիսի 25-ին սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ Նախիջևանի Քենգերլի շրջանում տեղակայված զորամասերից մեկում կախվելու եղանակով ինքնասպան է եղել զինծառայող։ Նրա անձնական տվյալները դեռևս հայտնի չեն, սակայն հայտնի է, որ նա պայմանագրային զինծառայող էր։

Հայաստանի զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *