Ուկրաինայում կռվող վրաստանցի սպան խեղդվել է ծովում

Ուկրաինայի կառավարական ուժերի շարքում կռվող վրաստանցիներից ևս մեկը մահացել է։ Սպա Կոնստանտին Լաշխիան խեղդվել է Ազովի ծովում։ Այս մասին հուլիսի 2-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին։

Կոնստանտին Լաշխիան

Ուկրաինայում կռված վրաստանցի Կոնստանտին Լաշխիան

Ըստ վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաընկերության՝ Կոնստանտին Լաշխիան Ուկրաինա է մեկնել 8 ամիս առաջ, ծնունդով Սոխումիից է, ամուսնացած է, ունի 2 երեխա։ Թե երբ Լաշխիայի դին կտեղափոխեն Վրաստան, տեղեկություն դեռևս չկա։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը այս պահի դրությամբ հայտարարություն չի արել։

Հավելենք, որ 2014-15թթ թվականի ընթացքում է հայտնի է դարձել 5 վրաստանցի զինծառայողի սպանվելու մասին։ Սակայն զոհվածներից մեկը, ինչպես հայտնում էին վրաստանյան լրատվամիջոցները, կռվել է ոչ թե Ուկրաինայի կառավարական ուժերի շարքերում, այլ ռուսական կողմում։

    • 2014թ. դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում զոհվել էր 32-ամյա Ալեքսանդր Գրիգոլաշվիլին։ Նա ծառայել է Վրաստանի զինուժում 2007-08թթ, կռվել է Դոնբասում ուկրաինական «Այդար» գումարտակի կազմում։
    • 2015թ. հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Դոնեցկում մահացել է Վրաստանի քաղաքացի Շալվա Բուխաիձեն։ Նրա մահվան լուրը հաստատել էր Վրաստանի ԱԳՆ-ն, հենց այս զինծառայողի մասին էլ շրջանառվում էր, որ կռվել է ռուսական կողմում։ Ամենայն հավանականությամբ այս լուրը համապատասխանում է իրականությանը, քանի որ վրաստանյան մամուլը, ինչպես նաև Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում մահացածների թվում նրան չեն ընդգրկում։
    • Հունվարի 18-ին Դոնեցկում մարտական գործողությունների ընթացքում մահացել է 37-ամյա Թամազ Սուխիաշվիլին ։ Եվս 3 վրաստանցի մարտիկ վիրավորվել էին։
    • Ապրիլի 18-ին Դոնեցկի շրջանի Շիրոկինո գյուղի մարտերում զոհվել էր Վրաստանի քաղաքացի Գեորգի Ջանելիձեն։ Վերջինս ծառայել է կառավարական ուժերի «Ազով» գնդում որպես վրաստանցի կամավորական։

Նշենք, որ Ուկրաինայում կռվող վրաստանցիների թեման բավական շահարկվում է, քանի որ խոսակցություններ կային, թե վրաստանցի զինծառայողներն ազատվում են Վրաստանում իրենց աշխատանքից և տեղափոխվում Ուկրաինա կռվելու։ Սրա վերաբերյալ հայտարարություն էր արել Միխեիլ Սաակաշվիլին, նշելով, որ մարդիկ ազատվում են ինչպես ԶՈւ-ի, այնպես էլ ՆԳՆ-ի իրենց ծառայությունից։ Նա նաև շեշտել էր, թե շատ զինծառայողներ Ուկրաինայի քաղաքացիություն են ստանում և որ իբր Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիություն տալ այն վրաստանցիներին, ովքեր կծառայեն ուկրաինական բանակում։

Վրաստանի ՊՆ-ն անդրադարձել էր վերոնշյալ հայտարարությանը, շեշտելով, որ դեռ չի գրանցվել այնպիսի դեպք, երբ զինված ուժերից զինծառայողներ գնան Ուկրաինա, թեև տեղեկություններ ունեն, որ այնտեղ կան Վրաստանի քաղաքացիներ, ովքեր այժմ չեն ծառայում։

Տեղեկացնենք նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ 2014թ. դեկտեմբերին խորհրդարան է անցկացրել օրենքի նախագիծ, որի ընդունվելու դեպքում այն քաղաքացիները, որոնք կլքեն երկիրը այլ պետություններում զինված հակամարտությունների մասնակցելու համար, հայրենիքում կհետապնդվեն օրենքով, նրանց կսպառնա ազատազրկում:

Քրեական օրենսգրքի այս փոփոխությունները վերաբերելու էին Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև Ուկրաինայում գտնվող և զինված խմբավորումների անդամակցող Վրաստանի քաղաքացիներին։ Սակայն ընդամենն օրեր անց հստակեցվեց, որ օրենքը չի տարածվի Ուկրաինայի կառավարական ուժերի շարքերում կռվող վրաստանցիների վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *