Սիրիայում դարձյալ վրաստանցի զինյալ է սպանվել

Սիրիայում մարտերի ժամանակ սպանվել է Վրաստանի հերթական քաղաքացին։  23-ամյա Թուրփալ Բորչաշվիլին Վրաստանի Պանկիսի կիրճից էր, կռվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաընկերության կայքը։

Սիրիայում սպանված Թուրփալ Բորչաշվիլին

Սիրիայում սպանված Թուրփալ Բորչաշվիլին

23-ամյա երիտասարդն Պանկիսի կիրճի Ձիբախեվի գյուղից էր։ 6 ամիս առաջ մեկնել էր Թուրքիա աշխատելու, թե երբ է գնացել Սիրիա, հարազատները տեղեկություն չեն ունեցել։

Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ Բորչաշվիլին թվով 14-րդ վրաստանցին է, որը սպանվել է Սիրիայում։  Ռազմինֆոյի մշտադիտարկման արդյունքում ունեցած տվյալներով Թուրփալ Բորչաշվիլին 13-րդ զոհն է։

Սիրիայում սպանված 13 վրաստանցիներից 12-ը Պանկիսի կիճից են, իսկ մյուսը՝ Աջարիայից։ Սպանվել են՝  23-ամյա Թուրփալ Բորչաշվիլին (2015թ) , 30-ամյա Գուրամ Ցատիաշվիլին (2015թ), 24-ամյա Դավիդ Սվիակաուրին (2015թ), 18-ամյա Իսրաֆիլ Ցատիաշվիլին (2014թ), նրա եղբայր 21-ամյա Ջաբրայիլ Ցատիաշվիլին (2014թ), 22-ամյա Գուրամ Գումաշվիլին (2014թ), 18-ամյա Բեսո Կուշտանաշվիլին (2014թ), 36-ամյա Ռուսլան Մաչալիկաշվիլին (2014թ), 24-ամյա Խալիդ Աչիաշվիլին (2013թ), 26-ամյա Խամզաթ Աչիշվիլին (2013թ),  23-ամյա Ռուստամ Գելաևը և Աբդուլ-Մալիկ Մուտոշվիլին։ Հատկանշական է, որ այս զինյալներից միայն Գելաևի մասունքներն են տեղափոխվել Վրաստան՝ հուղարկավորության համար։

Նշենք նաև, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել էր, որ Վրաստանը ամրացնելու է սահմանների պաշտպանությունը ԻՊ-ից եկող վտանգի կապակցությամբ։

Այս հայտարարությունը Գոմելաուրին արել էր այն բանից հետո, երբ հունիսի 21-ին «Կովկասի էմիրություն» ահաբեկչական խմբավորումը հավատարմության երդում էր տվել ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին։

Թեև Վրաստանի կառավարությունը փորձում է օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել Սիրիա մեկնողներին, սակայն վերջերս թե´ Վրաստանի վարչապետը, թե´ ներքին գործերի նախարարը հայտնեցին, որ ԻՊ-ն բոլորի համար խնդիր է, ու ԻՊ-ի շարքերում կռվել գնացողներն իրենց վերահսկողությունից դուրս են։

ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցիների թիվը հստակ չէ, բայց տարբեր աղբյուրներով այն տատանվում է 50-100-ի շրջանում։

3 responses to “Սիրիայում դարձյալ վրաստանցի զինյալ է սպանվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Հյուսիսային Կովկասում ոչնչացվել է ռուսաստանցի երեք զինյալ | Ռազմ.info

  3. Pingback: «Իսլամական պետության» շարքերը համալրել է 300-ից ավելի դաղստանցի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *