Վրաստանի ԶՈւ վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հավաստագրում

Նախորդ շաբաթ Վրաստան էր այցելել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ, սըր Ադրիան Բրեդշոուն։ Վերջինս հայտարարել էր, որ ընդամենը 2 ամիս առաջ վրաստանյան վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NATO Response Force — NRF) համար հավաստագրում (certification status)։

Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը մայիսի 26-ին Թբիլիսիում

Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը մայիսի 26-ին Թբիլիսիում

Հունիսի 25-ին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բրեդշոուն հայտարարել էր. «Մոտ 2 ամիս առաջ ես 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտին հանձնել եմ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին համապատասխանելու հավաստագրերը։ Վրաստանյան ստորաբաժանումն առաջին անգամ է ստանում նման կարգավիճակ, ինչը ձեր զինված ուժերի համար ևս մեկ ձեռքբերում է»,— ասել է Բրեդշոուն։

Նշված հայտարարությունը թեև անուղղակիորեն, բայց հաստատում է Ռազմինֆոյի՝ մոտ մեկ ամիս առաջ արած այն ենթադրությունը, որ «Ալֆա» վաշտի զինծառայողները, ամենայն հավանականությամբ, արդեն ներգրավվել են NRF-ի կազմում։  Եվս մեկ անուղղակի հաստատում էր նաև այն, որ մայիսի 26-ին Վրաստանի անկախության շքերթի ժամանակ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները թևերին կրում էին NRF-ի տարբերանշան, չնայած պաշտոնական հաստատում արագ արձագանքման ուժերի կազմում ներգրավվելու վերաբերյալ դեռևս չկար։

Հավելենք նաև, որ ըստ վրաստանյան լրատվամիջոցների հաղորդումների, 2015-ի ապրիլի 1-ից վաշտի 116 մարտիկ մասնակցել են մեկամսյա դաշտային պարապմունքների, որից հետո ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները պիտի գնահատեին ստորաբաժանման պատրաստությունը NRF-ի կազմում ներգրավելու համար։ Դրանից հետո վաշտը մասնակցել է նաև վրաց-ամերիկյան համատեղ Noble partner զորավարժությանը (11-24 մայիսի, Վրաստան), որի նպատակն էր ստուգել վրաստանցի զինծառայողների և ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմից ամերիկյան ստորաբաժանման զինծառայողների փոխգործակցությունը։

Նշենք նաև, որ հունիսին ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարության տարածած հաղորդագրությունում նույնպես նշվում է, որ Noble Partner-ը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համար Վրաստանին պատրաստելու կարևոր մաս էր։

Հատկանշական է ևս մեկ հանգամանք, որ դեռևս 2013թ. սեպտեմբերի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Վրաստանի վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել։ «2015 թվականից մեր երկիրը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս կդառնա։ Սա մեծագույն կոչում է Վրաստանի զինված ուժերի համար»,—նշել էր Ալասանիան։

One response to “Վրաստանի ԶՈւ վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հավաստագրում

  1. Pingback: Ուկրաինայում զորավարժությանը մասնակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ հավաստագրում անցած ստորաբաժանումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *