Քրդերն ազատագրել են Քոբանին

Հունիսի 27-ին քրդական ուժերը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողությունից ամբողջությամբ ազատել են Սիրիայի հյուսիսում տեղեկայված, հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքը:

Հունիսի 25-ից 27-ը տևած կռիվների ընթացքում քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկները սպանել են ԻՊ 60 զինյալի: Քրդական ուժերի խոսնակ Ռեդուր Խելիլը (Redur Xelil) բրիտանական Reuters գործակալության հայտնել է, որ իրենք ներկայում փնտրում են քաղաքում մնացած ԻՊ առանձին մարտիկներին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հունիսի 25-ի հարձակման ուղղությունները

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հունիսի 25-ի հարձակման ուղղությունները

Մինչ այդ բախումներ են Հյուսիսային Սիրիայի մեկ այլ քաղաքում՝ Հասաքայում, որի ուղղությամբ նույնպես հունիսի 25-ին հարձակում էր սկսել «Իսլամական պետությունը»: Այստեղ Սիրիայի կառավարական ուժերը մի կողմից և քրդական ուժերը մյուս կողմից, իրարից անկախ կռվում են «Իսլամական պետության» դեմ, քանի որ քաղաքն առանցքային կետ է բոլորի համար: Պատճառն այն է, որ Հասաքան Իրաքում և Սիրիայում ԻՊ ունեցած դիրքերի մեջտեղում է, իսկ դրանից ավելի հյուսիս Թուրքիայի սահմանն է: Մինչև Թուրքիայի սահման հասնելու դեպքում ԻՊ զինյալները կկտրեն Քոբանիի քրդերի մատակարարումը Սիրիայի կողմից, և քրդերի միակ ճանապարհը կանցնի Թուրքիայի տարածքով:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Հասաքայից արդեն տեղահանվել է շուրջ 120 հազար քաղաքացի: Նրանց մի մասը շարժվել է դեպի Թուրքիայի սահման: Հիշեցնենք, որ հունիսի կեսերին՝ Թել Աբյադ քաղաքում մարտերի ժամանակ Թուրքիայի սահմանին էին մոտեցել նաև այդ քաղաքի փախստականները, սակայն թուրքական կողմը միայն երեք օր անց նրանց միայն մի մասին թողել էր անցնել սահմանը և դրանով փրկվել ԻՊ գրոհայիններից:

Միևնույն ժամանակ նույն Թուրքիայի կառավարությունը հունիսի 27-ին տեղեկություն է տարածել, որի համաձայն՝ 2014թ. սեպտեմբերից Թուրքիան մեքենա մարդասիրական օգնություն է ուղարկել սիրիական Քոբանի՝ տեղի քրդերին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ավելացնենք, որ Սիրիայի հյուսիսում դեռևս 2014թ. սեպտեմներից խոշոր մարտեր են ընթանում մասնավորապես Քոբանիում: Քաղաքը թուրք-սիրիական սահմանին է և վերահսկում է դեպի Թուրքիա անցնող ճանապարհներից մեկը: Բացի այդ, քաղաքով է անցնում Սիրիայի հյուսիսարևմուքից հյուսիսարևելք տանող ճանապարհը:

Ռազմավարական կարևոր նշանակության այս քաղաքը հունվարի 26-ին ազատագրվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից և անցել տեղի քրդերի հսկողության տակ: Վերջիններս այդ ամիսների ընթացքում աջակցություն են ստացել Հյուսիսային Իրաքի ինքնավարության Փեշմերգե զորաջոկատներից և «Սիրիայի Ազատ բանակից», ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայից: Իսկ հունիսի 16-ին YPG-ի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներին վերջնականապես հաջողվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրել նաև Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքը և անցակետը, ինչից հետո հայտնաբերել է Սիրիայից Թուրքիա տանող 500 մետրանոց գետնուղի։

2 responses to “Քրդերն ազատագրել են Քոբանին

  1. Pingback: Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա. թուրքական օրաթերթ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *