Ուկրաինայի հակամարտության շփման գծից կրկին կարող է հեռացվել ծանր զինտեխնիկան

Այս շաբաթվա ընթացքում հնարավոր է ստորագրվի համաձայնագիր, ըստ որի՝ Ուկրաինայի արևելքում շփման գծից 100 կմ կհեռացվեն 100 մմ և ավելի տրամագծով զենքերը: Այս մասին Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համակարգող խմբում հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը: Հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Ծանր զինատեսակների» դուրսբերումը Ուկրաինայի հակամարտող զորքերի շփման գծից

«Ծանր զինատեսակների» դուրսբերումը Ուկրաինայի հակամարտող զորքերի շփման գծից. 2015թ. փետրվար

«Մենք գրեթե ամեն ինչ նախապատրաստել ենք այդ համաձայնագրի կնքման համար: Մնացել են միայն տեխնիկական հարցերը: Այդ պատճառով վստահ ենք, որ համաձայնագիրը կկնքվի մինչև այս շաբաթվա վերջ»,-նշել է Պուշիլինը՝ հավելելով, որ իրենց համար շատ կարևոր է այդ համաձայնագրի կնքումը, քանի որ այն հնարավորություն կտա նկատել խախտումները, որոնք, ինչպես ցույց է տվել փորձը, առկա են:

100 մմ և ավելի տրամագծով զենքերի կիրառումը որոշվել է արգելել դեռևս փետրվարի 12-ին՝ «Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների առաջին հանդիպման ժամանակ Մինսկում:

Այս որոշումն իրականացնելու և կողմերին մինչև հունիսի 26-ը համապատասխան համաձայնագիր կնքելու կոչ են արել նաև «Նորմանդական քառյակի» երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարները, ովքեր հունիսի 24-ին Փարիզում 3 ժամ անընդմեջ դռնփակ բանակցել են ուկրաինական խնդրի շուրջ:

Սակայն եթե 100 մմ և ավելի տրամագծով զենքերն ու տանկերը շփման գծից 100 կմ-ով հեռացնելու հարցի շուրջ զարգացումները դրական են և կա շոշափելի առաջընթաց ու փոխհամաձայնություն, ապա Շիրոկին գյուղի ապառազմականացման հարցը, որը ևս եղել է քառյակի արտգործնախարարների բանակցության առանցքային հարցերից մեկը, լուրջ տարաձայնություններ է առաջացրել ուկրիանական կառավարության և Դոնբասի պատվիրակության միջև, քանի որ, ինչպես նշել է Պուշիլինը, կան հարցեր, որոնց վերաբերյալ իրենք տրամագծորեն տարբեր մոտեցումներ ունեն:

Շիրոկին քաղաքը գտնվում է Դոնբասի ինքնահռչակ կառավարության վերահսկողության տակ գտնվող Նովոազովսկի և Մարիուպոլի միջև ու շփման գծի ամենաակտիվ հատվածներից է: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ տեղական իշխանությունները տեղահանել են գյուղի խաղաղ բնակչությանը: Գյուղի ապառազմականացման հարցը քննարկվել է բազմիցս, սակայն արդյունքերը դեռ տեսանելի չեն:

«Նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարները

«Նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարները

Հավելենք՝ որ հունիսի 24-ին Փարիզում «Նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարները միաբերան հաստատել են, որ իրենք առաջնային են համարում հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումը, կրակի դադարեցումն ու մինսկյան համաձայնության որոշումների կատարումը:

Հիշեցնենք, որ Միսկում փետրվարի 12-ին Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնման վերաբերյալ բանակցություններում ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի՝ փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ին, հայտարարվել է հրադադար, որը, սակայն, կողմերը չեն պահպանել, իսկ հետագայում էլ վերսկսել են ռազմական ակտիվ գործողություններ:

Ավելացնենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների բանակցություններին «նորմանդական քառյակի» հանդիպումներ ոչ պաշտոնական անվանումը տրվել է, երբ պաշտոնյաներն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման լուծումներ փնտրելու նպատակով առաջին անգամ հանդիպել են 2014-ի հունիսի 6-ին Ֆրանսիայում՝ Երկրորդ աշխարհամարտի առանցքային իրադարձություններից մեկի՝ Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակի տոնակատարությունների ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *