Թուրքիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մասնակցում են Ղազախստանում անցկացվող զորավարժությանը

Ղազախստանում անցկացվում է «Տափաստանային արծիվ» մարտավարամասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որին մասնակցում են Ղազախստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնում է ղրղզստանյան «K-News» լրատվակայքը՝ փոխանցելով երկրի ԶՈւ ԳՇ հայտարարությունը։

ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված ղազախստանյան «ԿազԲատ» խաղարարար գործողությունների գումարտակի զինծառայողներ

ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված ղազախստանյան «ԿազԲատ» խաղարարար գործողությունների գումարտակի զինծառայողներ

Նշենք, որ Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցած տեղեկության համաձայն՝ զորավարժության առաջին փուլն անցկացվել է 2015-ի ապրիլին, մասնակցել են Ղազախստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մասնագետ հրահանգիչներ։

Զորավարժության երկրորդ փուլն անցկացվում է հունիսի 15-ից 26-ը, սակայն, Թուրքիայի ԶՈւ ԳՇ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները Ղազախստանում անցկացվող զորավարժությանը ներգրավված են լինելու հունիսի 22-ից 25-ը։

«Տափստանային արծիվ-2015» զորավարժության երկրորդ փուլն անցկացվում է «Իլիյսկի» ուսումնամարզական բազայում։ Հրամանատարաշտաբային վարժանքներն  անցկացվում են զորավարժարանում՝ իրականին մոտեցված գործողությունների անցկացմամբ, ինչպես նաև համակարգչային սիմուլյատորներով, որոնց միջոցով պետք է մշակվի ռազմական գործողությունների մարտավարությունը։

Վարժանքներին Ղազախստանի ԶՈւ կազմում ներգրավված են «ԿազԲրիգ» ղազախստանյան խաղաղարար բրիգադի զինծառայողները։ Վերջինս ձևավորվել է 2006-ին՝ «ԿազԲատ»-ի հիման վրա, որը ԱՄՆ-ի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ 2000-ական թվականներին ստեղծված խաղաղարար գումարտակ է։ «ԿազԲատ»-ի զինծառայողները մասնակցել են Իրաքում ընթացող ռազմական գործողություններին՝ հիմնականում իրականացնելով ականազերծման աշխատանքներ։

Հետագայում գումարտակն ավելի է ընդլայնվել և ստեղծվել է բրիգադ, որը տեղակայված է «Իլյինսկի» զորավարժարանում։ Այս նախաձեռնության հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի չափանիշներով ղազախստանյան ստորաբաժանման ստեղծումն էր, որը պատրաստ կլինի մասնակցել միջազգային խաղարարարական գործողությունների։

2003-ից անցկացվող զորավարժություններին մասնակցում են տարբեր երկրների և ՆԱՏՕ-ի ավելի քան 1500 զինծառայող, ինչպես նաև ռազմական փորձագետներ։

2 responses to “Թուրքիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մասնակցում են Ղազախստանում անցկացվող զորավարժությանը

  1. Pingback: Թուրքիան և Աֆղանստանը մասնակցել են Ղազախստանում անցկացվող միջազգային զորավարժությանը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *