Ս-300ՊՄՈւ-1 համակարգերի փոխարեն Իրանը պատրաստ է Ռուսաստանից գնել «Անթեյ-2500» համակարգեր

Այն բանից հետո, երբ Իրանը հետ կկանչի Ժնևի միջազգային դատարանում Ռուսաստանը ներկայացնող «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության դեմ հայցը, Ռուսաստանը պատրաստ է իրանական կողմի հետ նոր պայմանագիր կնքել և մատակարարել հակաօդային պաշտպանության «Անթեյ-2500» զենիթահրթիռային համակարգեր: Սեփական աղբյուրներին հղումով՝ այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի կայքը:

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Այս տեղեկությունը ստացվել է այն բանից հետո, երբ երեկ՝ հունիսի 21-ին Իրանի ԱԳ փոխնախարար Մուրթազա Սարմադին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը բանակցում են՝ Իրանի 4 մլրդ դոլարի պահանջով հայցը հետ կանչելու վերաբերյալ:

Իրանին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որի գինը շուրջ 800 մլն դոլար էր, կողմերը կնքել էին դեռևս 2007թ.: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը հրաժարվեց տրամադրել համակարգերը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Միաժամանակ Ռուսաստանը վերադարձրել էր Իրանի վճարած 167 մլն դոլարը: Ենթադրաբար այս քայլը պայմանավորված էր Իսրայելի ճնշումներով:

Սակայն իրանական կողմին դա չէր գոհացրել, և Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ էր ներկայացրել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:

2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը համակարգերը փոխանցելու է մինչև տարեվերջ: Սակայն ռուսաստանյան ընկերությունները ներկայում չեն արտադրում համակարգերի Ս-300ՊՄՈւ-1 տարբերակը՝ ինչով պայմանավորված էլ ՌԴ-ն և Իրանը բանակցություններ են վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Իրանի փոխարտգործնախարարի խոսքերից կարելի է ենթադրել, որ կողմերն արդեն նախնական պայմանավորվել են, որ Ռուսաստանն Իրանին Ս-300ՊՄՈւ-1 համակարգերի փոխարեն տրամադրելու է նույն քանակի Ս-300ՎՄ «Անթեյ-2500» համակարգեր (Ս-300 համակարգերի տարբերակ): Բանակցությունների համար, սակայն, հանգույցային կետ է եղել Իրանի՝ դատարան ներկայացրած հայցից հրաժարվելը, ինչից հետո հնարավոր կլինի քննարկել նոր պայմանագրի պայմանները, մասնավորապես համակարգերի գինը:

Ավելացնենք, որ համակարգերի Ս-300ՎՄ «Անթեյ-2500» տարբերակն ունակ է ոչնչացնել մինչև 4500մ/վ արագությամբ շարժվող թիրախներ մինչև 200-250կմ հեռավորության վրա (կախված թիրախի տեսակից): Համակարգի արձակած մեկ հրթիռով հակառակորդի բալիստիկ թիրախների (հրթիռներ) խոցման հավանականությունը գնահատվում է 40-ից 70 տոկոս, աերոդինամիկ (ինքնաթիռներ) թիրախների դեպքում՝ մինչև 90 տոկոս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *