Բորդյուժան խոսել է Արցախյան հակամարտության և ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

«ՀԱՊԿ-ում տեղյակ են, թե ինչ է կատարվում ԼՂ հակամարտության գոտում, սակայն չունեն համապտասխան մանդատ՝ միջամտելու համար: Այս հակամարտությունը կարգավորելու համար ձևավորվել է միջազգային ձևաչափ, այդ թվում՝ Միսկի խումբը: Մյուս ինստիտուտների միջամտությունը ոչ միայն չի օգնի, այլև կարող է խառնաշփոթ առաջացնել: Սակայն ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է և իրավունք ունի իր գործընկերներից անհրաժեշտ օգնություն ստանալ բացասական զարգացումների դեպքում»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նման կարծիք է հայտնել հունիսի 18-ին՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ,  որի ընթացքում հեռուստակամրջի միջոցով կապ էր հաստատվել նաև Երևանի և Աստանայի լրագրողների հետ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Անդրադառնալով հայկական լսարանից հնչած այն հարցին, թե ինչպես են իրենք վերաբերվում Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, Բորդյուժան նշել է, որ չնայած Ռուսաստանի կառավարության որոշմամբ ռուսաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունները զենք են վաճառում Ադրբեջանին, սակայն նույն զենքը ոչ պակաս քանակությամբ տրվում և վաճառվում է նաև Հայաստանին, ու ՌԴ-ն գործում է հավասարակշռությունը պահելու սկզբունքի շրջանակներում:

Բորդյուժան պատասխանել է նաև հայաստանյան «Առավոտ» լրատվակայքի թղթակցի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀԱՊԿ ղեկավարն իր՝ Ադրբեջանին արված առաջարկը ՝ ՀԱՊԿ-ին միանալու վերաբերյալ: ՀԱՊԿ քարտուղարը նշել է, որ նման բան երբեք չի ասել՝ միևնույն ժամանակ հավելելով, որ եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի միանալու կազմակերպությանը, իրենք այդ հարցը կքննարկեն բոլոր անդամ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի հետ:

Մամուլի ասուլիսի ժամանակ խոսվել է նաև այս տարվա սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժության մասին: Բորդյուժան նշել է, որ արդեն ավարտվել են զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները, և նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսվածի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է նաև այս տարվա մայիսի 12-19-ին Տաջիկստանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման և դրան հաջորդած զորավարժության մասին և նշել, որ այսօր չկա մի սպառնալիք կամ մարտահրավեր, որին կազմակերպությունն ի զորու չլինի դիմակայել:

Ադրադառնալով հակաահաբեկչական պայքարի կազմակերպման անհրաժեշտությանը, ԻՊ-ին դիմակայելու խնդիրներին և այդ դաշտում առկա մարտահրավերներին՝ Բորդյուժան նշել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման՝ նման թափով առաջխաղացումը պետք է բացատրել երկու պատճառով. առաջին՝ կապված ուկրաինական դեպքերի ու Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սրման հետ, երկրորդ՝ ահաբեկիչները կարողանում են հմտորեն օգտվել համացանցի հնարավորություններից ու անհատապես ազդել երիտասարդների վրա՝ վերջիններիս հեշտությամբ ընդգրկելով իրենց շարքերը:

Հավելենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան:

Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *