ԻՊ զինյալի «սելֆիի» շնորհիվ ԱՄՆ օդուժը գտել և ոչնչացրել է իսլամիստների հրամանատարական կետը

ԱՄՆ ռազմաօդային ուժերին հաջողվել է ավիահարվածի միջոցով ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հրամանատարական խոշոր կետերից մեկը՝ բացահայտելով դրա տեղակայման վայրը սոցիալական ցանցերից մեկում հրապարակված «սելֆիի» միջոցով, որը հրապարակել էր ԻՊ-ական զինյալը։

Այս մասին հայտնում է Military.com ռազմական կայքի Defensetech բլոգը։

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ

Աղբյուրը նշում է, որ գործողության մանրամասները հունիսի 1-ին` Վաշինգթոնում անցկացված ՌՕՈւ ներկայացուցիչների ասոցիացիայի հավաքի ժամանակ, պատմել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Հոք Քարլայլը։

Նա չի հստակեցրել գործողության մանրամասները՝ ներառյալ վայրն ու ստույգ ամսաթիվը, սակայն պատմել է, որ սոցիալական ցանցերի հետախուզության համար պատասխանատու բանակային ստորաբաժանումներից մեկին հերթական հետազոտության ժամանակ հաջողվել է հայտնաբերել ԻՊ-ի զինյալի հրապարակած «սելֆին»՝ հրամանատարական խոշոր կետի ֆոնին։ Հրապարակված լուսանկարին կցված է եղել նաև ռազմական օբյեկտի մարտավարական հնարավորությունների նկարագրությունը։

Գեներալ Քարլայլի խոսքերով՝ զինյալի «սելֆիի» հրապարակումից 22 ժամ անց ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն արդեն եղել են նախանշված վայրում և կետային 3 ավիահարված հասցրել հրամանատարական կետին՝ ամբողջությամբ ոչնչացնելով այն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *