Ռուսաստանում կործանվել է ՄիԳ-29 կործանիչ

Հունիսի 4-ին Ռուսաստանի Աստրախանի շրջանի «Աշուլուկ» զորավարժարանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է ՄիԳ-29 կործանիչ։ Կործանիչն ամբողջությամբ այրվել է, սակայն օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս թռչել և փրկվել։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ՊՆ տրամադրած տեղեկությունը։

Ռուսաստանյան զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչի վթարվելու վայրը

Ռուսաստանյան զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչի վթարվելու վայրը

Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը նախապես հայտնել է ինքնաթիռի կործանման մասին, իսկ ավելի ուշ նշել, որ ինքնաթիռն ամբողջապես այրվել է ու վերականգնման ենթակա չէ։ Կործանիչի՝ կոչումով փոխգնդապետ և կապիտան օդաչուները կարողացել են ինքնանետումով փրկվել։ Օդաչուները հոսպիտալացվել են, նախնական տեղեկություններով՝ օդաչուները ստացել են թեթև վնասվածքներ:

Հավելենք, որ 4-րդ սերնդի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործման են հանձնել 1983-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 500 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և տարբեր նշանակության` այդ թվում «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասերի, հականավային, ռադիոճառագայթման նշանառության և այլն տեսակի հրթիռներ։ Կործանիչը կարող է օգտագործվել նաև ռմբակոծության համար։

ՄիԳ-29Մ2

ՄիԳ-29Մ2

Հատկանշական է, որ երեկ՝ հունիսի 3-ին՝ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստի ժամանակ, ՌԴ զինված ուժերի թռիչքային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բերզինը ներկայացրել է 2014-ին ԱՊՀ անդամ երկրներում գրանցված ավիավթարների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ վթարների մեծ մասը եղել է օդաչուների սխալի պատճառով։

Բերզինը նշել է, որ ընդհանուր առմամբ կործանվել է 5 միավոր ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ, զոհվել է 4 օդաչու։ Պաշտոնյան հավելել է, որ 2013-ի համեմատ նվազել է զոհերի և ինքնաթիռների կորուստների քանակը: Բերզինը հայտնել է, որ 2015-ի օգոստոսին Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ երկրների զինված ուժերի թռիչքային անվտանգության համար պատասխանատու մասնագետների ուսումնամեթոդական հավաք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *