Թուրքիայում մեկնարկել են Սիրիայի թուրքմեն զինյալների մարզումները. «Զաման»

Թուրքիայում մայիսի 28-ին մեկնարկել է Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից անցկացվող սիրիական զինյալ խմբավորումների «մարզում-սպառազինում» ծրագրը։ Մարզված զինյալները պետք է կռվեն  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, «չի բացառվում նաև Ասադին հավատարիմ զորքերի դեմ պայքարը»։

Սիրիայում պատերազմող զինյալներ

Սիրիայում պատերազմող զինյալներ

Առաջին փուլում, որը սկսվել է երեկ, Թուրքիայի կենտրոնական Քիրշեհիր նահանգի Հիրֆանլը քաղաղում տեղակայված ժանդարմերիայի ճամբարում մարզվում է թուրքմեններից կազմված 70 հոգանոց խումբ։  Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» պարբերականի կայքը՝ փոխանցելով Թուրքիայի արգործնախարարությունում իրենց աղբյուրներից ստացած տեղեկությունը։

Նշվում է, որ Սիրիայում ապրող ազգությամբ թուրքմեններից կազմված 70 հոգանոց խմբին սովորեցնում են հետախուզական գործունեություն, հակառակորդի դիրքեր ներթափանցում և տվյալների հավաքագրում։ Նախատեսվում է մարզվող գրոհայինների թիվը հասցնել 2 հազարի։

Ճամբարում գրոհայինների մարզումներն անցկացնում են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության զորքերի հրամանատարության  «մուգ կարմիր բերետավորները»։ Թուրքիայի զինված ուժերի սպաների հետ նույն ճամբարում գրոհայինների ուսուցանմամբ զբաղվում են նաև ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի մասնագետները։

Ավելացնենք նաև, որ Թուրքիա եկող գրոհայինների ինքնության ճշտմամբ զբաղվելու են Թուրքիայի զինված ուժերը և ազգային անվտանգության կազմակերպությունը։ Ուշադրություն է դարձվելու, որպեսզի գրոհայինների խմբում չլինեն «Քրդստանի աշխատավորական» (PKK) և «Ժողովրդավարական միություն» կուսակցություն (PYD) կազմակերպությունների անդամները։

Հավելենք նաև, որ ըստ պարբերականի ստացած տեղեկությունների, Թուրքիայում մարզված գրոհայինները պետք է վերադառնան Սիրիա և պայքարեն «Իսլամական պետության», ինչպես նաև քրդական PYD-ի և նման զինված կազմակեպությունների դեմ։ Չի բացառվում նաև, որ գրոհայինները կներգրավվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զորքերի դեմ պայքարին։

Նշենք, որ Թուրքիան Սիրիայում վերջնական խաղաղության հաստատման համար զինյալների մարզումների վերաբերյալ բանակցությունների մեկնարկից մինչ օրս առաջնային պայման է համարում Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիային սահմանակից տարածքներում ոչ թռիչքային գոտի սահմանելն ու միաժամանակ Ասադի կառավարության դեմ պայքարելը: Սակայն ԱՄՆ-ն դեմ է դրան, քանի որ օդային տարածքի փակումը կնշանակի Սիրիայի հյուսիսում կոալիցիոն ուժերի ավիահարվածների դադարեցում: Փաստացի Սիրիայի օդային տարածքը չի փակվում:

Հատկանշական է, որ և´ սիրիացի ընդդիմադիրների մի մասը, և´ ամերիկացի մի շարք կոնգրեսականներ դժգոհ են մարզումների ծրագրից՝ այն համարելով շատ փոքր և դանդաղ զարգացող: Մարզումները հյուրընկալող պետությունների (Թուրքիա, Հորդանան և Սաուդյան Արաբիա) հետ մարզումների վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2014-ի նոյեմբերից, իսկ բուն մարզումները նախատեսված էին մեկնարկել դեռ 2015թ. մարտին:

Հարկ է հիշեցնել, որ Թուրքիան PYD-ին միշտ դիտել է իբրև «Քրդական աշխատավորական կուսակցության» թև  և սպառնալիք Թուրքիայի անկախության համար։ 2014-ի  նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ն կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և PYD-ին բացահայտորեն աջակցելու համար մեղադրել ԱՄՆ-ին:

Ավելացնենք նաև, որ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ամիսներ շարունակ պայքարում էր Քոբանի քաղաքի քրդերի վրա հարձակված «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ։ Եվ միայն 2015թ.  հունվարին PYD-ին և նրանց միացած Քրդական Ինքնավարության Փեշմերգե զորաջոկատներին հաջողվեց ազատագրել քաղաքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *