ԱՄՆ զինուժը թույլատրել է SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրների թռիչքը

Ամերիկյան SpaceX մասնավոր ընկերությանն ի վերջո հաջողվել է ստանալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի թույլտվությունը՝ Falcon 9 հրթիռակիրներով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար նախատեսված տիեզերական սարքավորումների, արբանյակների արձակման մրցույթներին մասնակցելու համար։

Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը։

Ամերիկյան SpaceX  ընկերության արտադրած Falcon 9 հրթիռակիր. առաջին թռիչքը՝ 2010 թ.,

Ամերիկյան SpaceX ընկերության արտադրած Falcon 9 հրթիռակիր. առաջին թռիչքը՝ 2010 թ.,

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացրած պահանջներին համապատասխանելու համար  SpaceX ընկերությունը մի քանի տարվա ընթացքում իրականացրել է բազմաթիվ փորձարկումներ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Դեբորի Լի Ջեյմսն ընդգծել է, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ օդուժի համար տիեզերական սարքավորումների արձակման մրցույթներին կարող է մասնակցել մեկից ավելի ընկերություն՝ նշելով, որ այդ ծառայությունների ընդհանուր գինը 2030-ին կարող է հասնել 70 մլրդ ամերիկյան դոլարի սահմանագծին։

Հիշեցնենք, որ 2014-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռակիրների ձեռքբերման պայմանագիր էին կնքել United Launch Alliance (ULA) ընկերության հետ, որը  Boeing և Lockheed Martin ըներությունների համատեղ ձեռնարկությունն է։ Պայմանագրով նախատեսվում էր Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի համար ձեռք բերել ընկերության արտադրած միանգամյա թռիչքի համար նախատեսված  Evolved Expendable Launch Vehicle (EELV) հրթիռակիրները։ Այդ ժամանակ SpaceX  ընկերությունը դատական հայց էր ներկայացրել  ULA ընկերության դեմ՝ վերջինիս մեղադրելով ՌՕՈւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կաշառելու համար։

Այս որոշումից հետո  SpaceX ընկերությունն անգամ հնարավորություն ունի վերցնել նախապես  ULA ընկերությանը հանձնարարված մի շարք նախագծեր, որոնք նախատեսված է իրականացնել 2019-ից հետո: Այստեղ կարևոր դեր կարող է խաղալ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի հանդեպ դեռևս գործող պատժամիջոցների պայմաններում օրենքով արգելվում է երկրի անվտանգության համար օգտագործել ռուսաստանյան արտադրության շարժիչներ։ Իսկ  ULA ընկերության  Atlas 5 հրթիռն աշխատում է ռուսաստանյան արտադրության  РД-180 շարժիչներով, նոր շաժիչներ ընկերությունը կարող է ձեռք բերել ոչ շուտ, քան 2022-ին։

Այսպիսով  SpaceX ընկերությունն իրավունք է ստանում պայքարել 2015-ի հունիսին անցկացվելիք մրցույթին, որի հաղթողն էլ իրավունք կստանա իրականացնել  GPS-III նավիգացիոն արբանյակների արձակումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *