1992 թվականի քաղաքացիական պատերազմը Վրաստանում

1992թ. սկիզբը նշանավորվեց ուշագրավ մի իրադարձությամբ. Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիան ընտանիքով և շուրջ 100 հոգանոց զինված թիկնազորով հայտնվեց Հայաստանի սահմանի մոտ ու քաղաքական ապաստան խնդրեց Հայաստանի իշխանություններից։ Դրան նախորդել էր Վրաստանի նորընտիր նախագահի դեմ ձևավորված քաղաքական ընդդիմության պայքարը, որը 1991թ. վերջին հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։

Չդիմանալով ընդդիմության ճնշմանը՝ Գամսախուրդիան հեռացավ երկրից և ապաստան խնդրեց Ադրբեջանից, բայց վերջինս մերժեց, ինչն էլ ստիպեց Վրաստանի նախագահին գալ Հայաստան և ապաստանել Իջևանի շրջանում։

* * *

Գամսախուրդիայի փախուստը Վրաստանից ներիշխանական պայքարի հետևանք էր, որը գլխավորում էին նրա հակառակորդներ Ջաբա Իոսելիանին, Թենգիզ Կիտովանին, Թենգիզ Սիգուան և ուրիշներ։

Իոսելիանին ուշագրավ կենսագրություն ունի. շատերը նրան համարում են քրեական հեղինակություն և «օրենքով գող»։ Ծնվել է 1926թ.՝ Թբիլիսիում։ 1943թ. նա առաջին անգամ հայտնվում է բանտում՝ գողության մեղադրանքով։ Մեկ տարի անց ազատ է արձակվում։ Դրան հետևում է ևս մեկ բանտարկություն, այնուհետև՝ երրորդը՝ բանդիտիզմի ու սպանության մեղադրանքով և Իոսելիանին բանտից ազատվում է 1965թ.՝ 39 տարեկան հասակում։ Այդ տարիքում նա ավարտում է դպրոցը, ընդունվում բուհ, գիտական թեզ պաշտպանում և սկսում դասավանդել Թբիլիսիի թատերական ինստիտուտում։ Գրում է պիեսներ, բազմաթիվ հոդվածներ ու մենագրություններ։

Վրացի տաղանդավոր գրող Նոդար Դումբաձեի «Սպիտակ դրոշակներ» վեպի հերոսներից մեկը քրեական հեղինակություն է, ով արդարություն էր հաստատում պատժախցում բանտարկված կալանավորների միջև։ Ասում են՝ գրքի հերոսի նախատիպը եղել է Ջաբա Իոսելիանին։

1989թ. Իոսելիանին ստեղծում է «Մխեդրիոնի» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որը շուտով վերածվում է հզոր ռազմական կառույցի, որի շարքերում մինչև 5000 մարտիկ կար։ «Մխեդրիոնին» ակտիվորեն մասնակցում է վրաց-օսական, այնուհետև՝ աբխազական պատերազմներին։

Զվիադ Գամսախուրդիա

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիա

Պակաս ուշագրավ չէ նաև Վրաստանի՝ անկախության շրջանի քաղաքական մյուս գործիչի և երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կենսագրությունը։ Նա հայտնի վրաց գրող Կոնստանտին Գամսախուրդիայի որդին էր։ 50-ական թվականներին Զվիադը ստեղծում է ընդհատակյա երիտասարդական կազմակերպություն, սակայն մի քանի տարի անց ձերբակալվում է և հակախորհրդային գրականություն տարածելու մեղադրանքով 6 ամիս անցկացնում հոգեբուժարանում։ 1961թ. ավարտում է Թբիլիսիի համալսարանի արևմտաեվրոպական լեզուների ֆակուլտետը։ 1977թ. կրկին ձերբակալվում է քաղաքական հայացքների համար, սակայն 1 տարի անց համաներումով ազատ է արձակվում։

1990թ. սեպտեմբերի 28-ին Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում հաղթում է Գամսախուրդիայի գլխավորած ազգայնական թևը («Կլոր սեղան – Ազատ Վրաստան») և նոյեմբերի 14-ին նա դառնում է Գերագույն խորհրդի նախագահ։

* * *

Այդ ժամանակ էլ տեղի են ունենում վրաց-օսական առաջին բախումները։ 1989թ. նոյեմբերի 10-ին Հարավ-օսական ինքնավար մարզի ժողպատգամավորների խորհուրդը որոշում էր ընդունել ինքնավար մարզը վերափոխել ինքնավար հանրապետության՝ Վրացական ԽՍՀ կազմում։ Նոյեմբերի 23-ին մի քանի հազար վրացիներ շարժվում են դեպի օսական Ցխինվալ, սակայն օսերը, խորհրդային բանակի ստորաբաժանումների օգնությամբ, արգելում են նրանց մուտքը քաղաք։ Գամսախուրդիայի կոչով սկսվում է Ցխինվալի շրջափակումը, որը տևում է շուրջ 3 ամիս։ Այս ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ բախումներ ու բռնություններ. ըստ օսական տվյալների՝ մի քանի տասնյակ մարդ սպանվում է, հարյուրավոր մարդկանց ծեծում և վիրավորում են։

1990թ. սեպտեմբերի 20-ին Հարավային Օսիայի պատգամավորների խորհուրդը հռչակում է Հարավ-օսական Խորհրդային Դեմոկրատական Հանրապետություն։ Ի պատասխան՝ Վրացական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. դեկտեմբերի 10-ին ընդունում է Հարավ-օսական ինքնավար մարզը լուծարելու որոշում, որը և դառնում է ռազմական գործողություններ սկսելու առիթը։ Վրաց-օսական պատերազմը կարճատև ընդհատումներով շարունակվում է մինչև 1992թ. հունիսը։

* * *

Քաղաքական գործունեության սկզբնական շրջանում Գամսախուրդիան և Իոսելիանին լավ հարաբերություններ ունեին, սակայն աստիճանաբար նրանց հակասությունները սրվում են և 1991թ. գարնանը Գամսախուրդիայի հրամանով Իոսելիանին ձերբակալվում է։

Որոշ աղբյուրներ նշում են, որ Ջաբա Իոսելիանին մարմնավորում էր Վրաստանի, այսպես ասած, ժողովրդավարական, ազատական թևը՝ ի տարբերություն Գամսախուրդիայի, ով կարողացել էր ստեղծել բավականին ուժեղ նոմենկլատուրային կառավարություն և հաճախ հանդես էր գալիս ծայրահեղ ազգայնական հայացքներով։ Սա էր պատճառը, որ իշխանության գալուց հետո կարճ ժամանակ անց Գամսախուրդիայի դեմ են սկսում հանդես գալ Վրաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ինչն էլ, ի վերջո, հանգեցնում քաղաքացիական պատերազմի։

* * *

«Կոմերսանտ» թերթի 2003թ. մարտի 10-ի համարում հետաքրքիր հարցազրույց է տպագրվում Ջաբա Իոսելիանիի հետ։ Լրագրողի՝ ինչպե՞ս եղավ, որ 91-ի վերջին և 92-ին Վրաստանում ամենուր սկսվեց ռազմական բախումներ հարցին Իոսելիանին պատասխանում է. «Անկախության հռչակումից հետո Վրաստանում սկսվեցին արյունալի երկպառակություններ։ Ես դա անվանում եմ պրեֆեկտների պատերազմ։ Տեղական առաջնորդները ստեղծում էին զինված ջոկատներ և պատերազմում էին։ Արևմտյան Վրաստանը անջատողկանության հենարանն էր, մեր իրավազորությունը երկու տարի այնտեղ չէր գործում»։ Իսկ Հարավային Օսիայի հակամարտության պատճառների մասին նա ասում է. «Մեղավորը Գամսախուրդիան էր։ Նա շրջանառության մեջ դրեց «Վրաստանը միայն վրացիների համար» լոզունգը և էժանագին ժողովրդականություն ստանալու համար պնդում էր, որ վրացիներն աշխարհի ամենալավ ժողովուրդն են»։

* * *

Իոսելիանիի բանտարկությունը երկար չի տևում. 1991թ. դեկտեմբերին Թբիլիսիում սկսվում է քաղաքացիական պատերազմ։ Ընդդիմադիր ուժերը, «Մխեդրիոնիի» ջոկատների և վրացական մեկ այլ զինված կազմավորման՝ Ազգային գվարդիայի հետ գրոհում են Գամսախուրդիայի կողմնակիցներին, որոնց անվանում էին զվիադիստներ։ Նրանք բանտից ազատում են նաև Իոսելիանիին։ Մոտ երկու շաբաթ տևած արյունահեղ բախումներից հետո, 1992թ. հունվարին Գամսախուրդիան թողնում է Կառավարական տան իր ամրակայանը և հեռանում Վրաստանից։ Վրաստանում ստեղծվում է Ռազմական խորհուրդ՝ (Ժամանակավոր կառավարություն) Թենգիզ Սիգուայի գլխավորությամբ։

1992թ. հունվարի վերջին Գամսախուրդիան ընդունում է ինքնահռչակ Չեչենական հանրապետության ղեկավար Ջոխար Դուդաևի՝ Չեչնիա տեղափոխվելու առաջարկը։ Երևան է ժամանում հատուկ ինքնաթիռ, որը Զվիադ Գամսախուրդիային, նրա ընտանիքի անդամներին ու ուղեկիցներին տեղափոխում է Գրոզնի։

Գամսախուրդիայի հեռանալը նույնքան խորհրդավոր էր, որքան ժամանումը. 92թ. հունվարի 20-ի «Կոմերսանտ»-ի համարում հրապարակվեց տեղեկություն, համաձայն որի Գամսախուդիային իբր թե ազատելու նպատակով զվիադիստները Սամթրեդիայում պատանդ են վերցնում մի խումբ հայերի։ Դրանից հետո էլ Վրաստանի առաջին նախագահը Իջևանից ժամանում է Երևանի օդանավակայան և հեռանում։ Այս մասին ժամանակին գրել է նաև «Չիկագո Թրիբյուն» թերթը, սակայն որևէ պաշտոնական հաստատում այս տեղեկությունը չի ստացել։

Ջաբա Իոսելիանի և Էդուարդ Շեվարդնաձե

Ձախից՝ Ջաբա Իոսելիանի, աջից՝ Էդուարդ Շեվարդնաձե

Գամսախուրդիայի հեռանալուց կարճ ժամանակ անց Վրաստանի ժամանակավոր կառավարության ղեկավար է դառնում Էդուրարդ Շևարդնաձեն։ Տեսակետ կա, որ Գամսախուրդիայի դեմ 1991թ. ընթացող պայքարի իրական կազմակերպիչը հենց նա էր, որն իրականացվում էր Մխեդրիոնիի և Ջաբա Իոսելիանիի ձեռքով։ Հունիսի 24-ին Շևարդնաձեն վրաց-օսական համակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագիր է ստորագրում ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ։ Հուլիսին հակամարտության գոտում տեղակայվում են ռուսական խաղաղարար ստորաբաժանումներ։ Այս համաձայնագիրը, որը հայտնի է Սոչիի (երբեմն նաև՝ Դագոմիսի) համաձայնագիր անունով, գործում է մինչև 2008թ. օգոստոսյան պատերազմը։ Ժամանակավորապես կարգավորելով օսական խնդիրը՝ Շևարդնաձեն լայնածավալ հարձակում է սկսում Աբխազիայի դեմ. օգոստոսի 14-ին վրազական զորքերը գրավում են Սուխումը։

Գամսախուրդիայի հեռանալը, սակայն, չէր նշանակում, որ քաղաքացիական պատերազմը Վրաստանում ավարտվել էր։ Նրա աջակիցները՝ զվիադիստները, տարբեր շրջաններում շարունակում էին պայքարն ընդդեմ նոր իշխանությունների։ Զվիադիստների կենտրոնն է դառնում Վրաստանի արևմտյան շրջանները՝ Զուգդիդ կենտրոնով։

1992թ. հուլիսի 6-ին Վրաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սամեգրելոյի շրջանում գտնվող Ցալենջիխ քաղաքում Գամսախուրդիայի զինյալները շրջապատում են դպրոցը, որտեղ 80 մարտիկներով ամրացել էր Ջաբա Իոսելիանին։ Զվիադիստների գրոհն ավարտվում է անհաջողությամբ։ Այդ ընթացքում Վրաստանի ժամանակավոր կառավարության զինված ստորաբաժանումները օգնության են շտապում շրջապատման մեջ հայտնված Իոսելիանիին (այդ ժամանակ նա Վրաստանում ստեղծված ժամանակավոր կառավարության՝ Պետական խորհրդի նախագահի տեղակալն էր)։ Իշխանությանը հավատարիմ ուժերը կարողանում են ճեղքել շրջափակումը, զվիադիստները կորցնում են մոտ 20 մարտիկ և նահանջում են։

Նույն օրը Վրաստանի իշխանությունները ռազմական գործողություն են սկսում՝ Զուգդիդից զվիադիստների կողմնակիցներին հեռացնելու համար։ Սակայն հաջողության չեն հասնում, որովհետև վերջիններիս աջակցում էր տեղական բնակչությունը։

1993թ. սեպտեմբերին Գամսախուրդիան վերադառնում է Վրաստան և հաստատվում Զուգդիդ քաղաքում։ Նա գլխավորում է իր կողմնակիցների զինված ուժերը, ստեղծում վտարանդի կառավարություն և մի շարք հաջող ռազմական գործողությունների արդյունքում իր իշխանությունը հաստատում Վրաստանի արևմտյան շրջաններում, այդ թվում՝ Փոթիում։ Մինչ այդ նրանց վերահսկողության տակ էին հայտնվել նաև Մեգրելիայի Սենակի, Աբաշա և Խոբի քաղաքները։

1993թ. աշնանը վրացիների դեմ հաջող ռազմական գործողություններ են սկսում աբխազները։ Նրանք անցնում են հակահարձակման և ազատագրում Սուխումը։ Ստեղծված ծանր իրավիճակում Շևարդնաձեն որոշում է անդամակցել ԱՊՀ-ին և նրա խնդրանքով հոկտեմբերի վերջին Վրաստանի հարավային շրջանների երկաթուղային հանգույցների անվտանգության ապահովումը ստանձնում է ռուսական բանակը։

Քանի որ պատերազմն Աբխազիայում ավարտվել էր, Վրաստանը կարողանում է իր բոլոր ուժերը կենտրոնացնել Գամսախուրդիայի դեմ և հոկտեմբերի վերջին անցնել խոշոր հարձակման։ Նոյեմբերի 6-ին կառավարական ուժերը գրավում են Զուգդիդ քաղաքը, իսկ Գամսախուրդիան, իր հավատարիմ զինակիցների հետ թաքնվում է Մեգրելիայի լեռնային շրջաններում։

1993թ. դեկտեմբերի 31-ին Գամսախուրդիային սպանված գտնում են այն տանը, որտեղ նա ապաստանել էր։ Տանտիրոջ խոսքերով՝ Գամսախուրդիան ինքնասպան էր եղել, սակայն ծոծրակի հրազենային վերքը հիմք էր տալիս ենթադրելու, որ դա սպանություն էր։ 1994թ. հունվարին նրան գաղտնի հողին են հանձնում Ջիխասկարի գյուղում, սակայն ընտանիքի անդամների պահանջով, փետրվարին վերահուղարկավորում են Գրոզնիում։ 1999թ. չեչենական պատերազմի տարիներին, Գամսախուրդիայի աճյունը կրկին վերահուղարկավորում են, իսկ 2007թ. տեղափոխում են Թբիլիսի և մեծ շուքով հողին հանձնում Մտացմինդայում։

Շուրջ 2 տարի տևած քաղաքացիական պատերազմի և քաոսի հետևանքով Վրաստանը կորցնում է Աբխազիան, իսկ Հարավային Օսիայի հակամարտությունը մնում է չկարգավորված մինչև 2008թ. օգոստոսյան պատերազմը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *