Երբ ինքնապահպանման բնազդը հակասում է հրամանին

Մտավորականները սիրում են հեգնել բանակի խստավարժեցումը (муштра)՝ համարելով այն միայն բութ ու սահմանափակ մարդկանց վայել զբաղմունք. «Ես բանական էակ եմ, ես ռոբոթ չեմ, որ առանց մտածելու հրաման կատարեմ», — հաճախ դժգոհում են կրթված երիտասարդները։

Charge, Christian Fuchs

«Գրոհ» — լուսանկարիչ՝ Քրիսչն Ֆաքս, ԱՄՆ նավատորմ

Բայց արդյո՞ք բանակի «հրամայական-վերահսկողական» կառավարման (command and control management) մեթոդներն իսկապես զուտ անուղեղ սալդաֆոնների համար են։ Հրամայական մոտեցման առավելությունների ու թերությունների մասին հետաքրքիր մի գրառում կա ամերիկացի գործարար ու ծրագրավորող Ջոել Սպոլսկու բլոգում։ Ժամանակին հեղինակը ծառայել է Իսրայելի բանակում։ Նա պատմում է, թե ինչպես էին սերժանտական դպրոցում հիմնավորում խստավարժեցման անհրաժեշտությունը։

Բանակում գոյություն ունեն ստանդարտ հրամաններ՝ զանազան տիպիկ մարտական իրավիճակների համար։ Երկար ու տանջալի մարզումներով զինվորներին սովորեցնում են այդ հրամանները կատարել ավտոմատ կերպով՝ գրեթե առանց մտածելու։

Օրինակ՝ «Քարացի´ր» (Freeze!) հրամանը տալիս են, երբ պարզվում է, որ ստորաբաժանումը ականապատած տարածք է մտել։ Տրամաբանական է, չէ՞։ Եթե հրամանն անմիջապես չկատարես, հաջորդ քայլով կարող ես ոտքդ ականին դնել։

Մեկ այլ ստանդարտ հրաման. շարասյան վրա անսպասելի հարձակման ժամանակ զինվորներին հրամայում են անընդհատ կրակելով վազել դեպի հակառակորդը։ Հրամանի տրամաբանությունը հետևյալն է. երբ կրակում ես հակառակորդի վրա, նա ստիպված է ապաստարան որոնել, ինչն էլ իրեն չի թողնում քո վրա կրակել։ Իսկ մոտենալով՝ ավելացնում ես հակառակորդին խոցելու հավանականությունը։

Հարց. իսկ ի՞նչ անել, եթե հակառակորդը անսպասելիորեն հարձակվել է ականապատ դաշտում հայտնված ստորաբաժանման վրա։ (Այո, այդպես էլ է լինում)։ Պատասխան. անտեսելով ականները՝ զինվորը միևնույն է պիտի կրակելով վազի դեպի հակառակորդը, հակառակ դեպքում թշնամին մեկ առ մեկ կոչնչացնի ամբողջ ստորաբաժանումը, իսկ ականապատված դաշտով վազելը, թեպետ և մարտիկներից ոմանց կյանքի գնով, կարող է ստորաբաժանման գոնե մի մասին փրկվելու շանս տալ։

Բայց այս իրավիճակում անպատրաստ մարդու մոտ հոգեբանական լուրջ կոնֆլիկտ է առաջանում. նույնիսկ երբ նա գիտակցում է, որ հակառակորդի կրակի տակ մնալն անխուսափելի մահ է, ինքնապահպանման բնազդը չի թողնում մարդուն «ինքնասպան» քայլի դիմել. այսինքն՝ ականների վրայով վազել թշնամու գնդակներին ընդառաջ։ Ավելին՝ սթափ անհատի մոտ մեծ գայթակղություն է առաջանում մնալ տեղում, մինչ իր ավելի համարձակ ընկերները կրակելով կվազեն դեպի հակառակորդը։

Բանակային խստավարժեցումը փաստորեն միակ միջոցն է, որը կարող է ստիպել զինվորին կյանքի-մահվան իրավիճակներում անխոտոր կատարել ինքնապահպանման բնազդին հակասող, բայց ամբողջ խմբի շահերից բխող հրամաններ։

Հ.Գ. Նմանատիպ ճգնաժամային պատերազմական իրավիճակ շատ լավ պատկերված է «Փրկել շարքային Ռայանին» ամերիկյան ֆիլմի սկզբում, ուր առանց հրետանային աջակցության բաց լողափ դուրս եկած ամերիկյան դեսանտը, հսկայական կորուստներ կրելով, այնուամենայնիվ, ճեղքում է գերմանացիների պաշտպանությունը։ Ֆիլմի այդ հատվածը նկարահանվել է գրեթե վավերագրական ճշգրտությամբ։ Հիմնվելով մասնակիցների վկայությունների և պատմական փաստաթղթերի վրա՝ ռեժիսյոր Սթիվեն Սփիլբերգը փորձել է փոխանցել իրական գրոհի ամեն մի մանրուք։ Ֆիլմի այդ հատվածը կարող եք դիտել Յութուբում։ Դիտելիս ուշադրություն դարձրեք այն դրվագների վրա, երբ զինվորները ստիպված են փաստացի ինքնասպան հրամաններ կատարել։

Այս գրառումը հեղինակն առաջին անգամ հրապարակել է այժմ չգործող «Մարդ.Մոլորակ» բլոգում 2011թ. սեպտեմբերի 25-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *