Պենտագոնի ղեկավարը մեղադրել է իրաքցի զինվորականներին «կռվելու կամքի բացակայության» համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մայիսի 24-ին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքյան բանակի գրանցած ձախողումներին՝ պայմանավորելով դրանք «իրաքցի զինվորականների՝ կռվելու կամքի բացակայությամբ»։

Իրաքցի ուժայիններ

Իրաքցի ուժայիններ

Պենտագոնի ղեկավարը նման մեկնաբանություն է արել այն բանից հետո, երբ կիրակի՝ մայիսի 24-ին, ԻՊ-ի զինյալները կարողացել են դուրս մղել Իրաքի կառավարական ուժերը կենտրոնական Ռամադի քաղաքից ու վերահսկողություն հասատել դրա նկատմամբ։

Քարթերն իր հարցազրույցում մասնավորապես նշել է, որ իրաքյան զորախումբը քանակապես զգալիորեն գերազանցել է քաղաքը գրոհած զինյալներին, սակայն, չնայած դրան, նրանք որոշել են նահանջել՝ մարտի դաշտում թողնելով զգալի քանակությամբ ամերիկյան ռազմական տեխնիկա և սպառազինություն, որը բաժին է հասել իսլամիստներին։

Քարթերի խոսքերով, իրաքյան ուժերը բացարձակ չեն դրսևորել կռվելու կամք. «Մենք կարող ենք վերապատրաստել իրաքյան բանակի անձնակազմը, ապահովել անհրաժեշտ սպառազինությամբ, սակայն չենք կարող ստիպել նրանց կռվել, ինչը բավական մտահոգիչ է»։

Հավելենք, որ Պենտագոնի ղեկավարի այս հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է Իրաքի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Հաքիմ ազ-Զամիլին, ով նշել է, որ Քարթերի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և անհիմն են։

Հիշեցնենք, որ 2011-ից, երբ ԱՄՆ բանակի ուժերը լքեցին Իրաքի տարածքը, Վաշինգթոնն սկսեց աջակցել այդ երկրի անվտանգության ապահովմանը՝ վերապատրաստելով իրաքցի զինծառայողներին և մատակարարելով սպառազինություն։ 2014-ի հունիսին, սակայն, անսպասելիորեն բոլորի համար, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաջողվեց ներխուժել Իրաքի տարածք ու շատ կարճ ժամանակում հսկողություն սահմանել նավթով հարուստ հյուսիսային մի շարք շրջանների նկատմամբ։

«ԻՊ»-ի սպառնալիքը իրաքյան կողմին չի հաջողվել չեզոքացնել մինչ օրս, չնայած նրան, որ արևմտյան երկրների՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերն արդեն տևական ժամանակ է, ինչ ինտենսիվ ավիահարվածների տակ են պահում իսլամիստ զինյալների դիրքերն ու հենակետերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *