Թուրքիան ցանկություն է հայտնել միանալ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման նորաստեղծ ուժերին

Թուրքիան հայտ է ներկայացրել 2021-ից ղեկավարել ՆԱՏՕ-ի «Շատ բարձր պատրաստականության համատեղ խնդիրների ուժերը» (Very High Readiness Joint Task Force, VJTF), որոնց ստեղծման հիմնական նպատակը Ռուսաստանի՝ Արևմուտքի նկատմամաբ հնարավոր սպառնալիքներին դիմակայելն է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ դեյլի նյուզ» լրատավական կայքը:

Դրվագ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունից

Դրվագ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունից

Թուրքիայի՝ VJTF ղեկավար պետություններին միանալու ցանկությանը դրական է արձագանքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ծրագրի մանրամասները և վերջնական որոշումները քննարկվելու են հունիսի 23-24-ին կայանալիք գագաթնաժողովին:

VJTF-ն ամբողջությամբ պատրաստ կլինի կատարել իր առջև դրված խնդիրները 2017-ին, իսկ ուժերի վերջնական կազմակերպման մասին պաշտոնապես կհայտարարվի 2016-ի գարնանը՝ Ուելսում կայանալիք գագաթնաժողովին: Այս նոր բազմազգ արագ արձագանքման ուժերն իրենց մեջ ներկառելու են ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժեր, որոնց թիվը հասնելու է 5000-ի: VJTF-ը, որը ներկայումս ղեկավարում են Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Լեհաստանը, ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին հնարավորություն կտան մի քանի օրվա ընթացքում համազոր պատասխան տալ «ցանկացած սպառնալիքի»:

Հատկանշական է, որ վերջին շրջանում Թուրքիան փորձում է է´լ ավելի ամրապնդել իր դիրքերը Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքում, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգընթաց խիստ լարված բնույթ են ստացել: Մայիսի 13-14-ին Անկարայում կայացել է ՆԱՏՕ-ի՝ արտաքին գործերի մակարդակով կազմակերպված հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ Թուրքիան պատրաստականություն է հայտնել հյուրընկալել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը ևս:

Հիշեցնենք նաև, որ պաշտոնապես VJTF-ի ստեղծման համար առիթ դարձավ 2014-ի գարնանը Ղրիմի միացումը ՌԴ-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *