Եվրոպական երկրներն անցնում են սեփական հետախուզական ԱԹՍ-ի նախագծմանը

Մայիսի 18-ին Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարները հայտարարել են, որ դեռևս 2013-ին Եվրախորհրդի որոշմամբ սկսված MALE (Medium Altitude Long Endurance) տեսակի ԱԹՍ-ների նախագծման ծրագիրը պետք է ավարտվի 2025 թվականին։ Այս մասին մայիսի 19-ին հայտնում է ամերկյան Defense News ռազմական լրատվակայքը։

Իտալական արտադրության Piaggio P.180 Avanti MALE դասի անօդաչու թռչող սարք

Իտալական արտադրության Piaggio P.180 Avanti MALE դասի անօդաչու թռչող սարք

Նշվում է, որ 2015-ի մայիսի 18-ին Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարները պաշտոնապես ստորագրել են եվրոպական MALE (MALE (Medium Altitude Long Endurance ”  Թռիչքի միջին առաստաղով և երկար աշխատաժամանակով) դասի անօդաչու թռչող սարքի նախագծման ծրագրի շրջանակներում մարտավարատեխնիկական չափորոշիչների համատեղ մշակման մասին հռչակագիր։

Ծրագրի այս փուլի նպատակը, որը տևելու է մոտ 2 տարի, ԱԹՍ-ի նախագծման աշխատանքներում համատեղ պահանջների սահմանումն է՝ այդ թվում ժամկետները, արժողությունը, սարքի հնարավորությունները, ինչպես նաև համատեղ չափորոշիչներին համապատասխանող նախատիպի արտադրությունը։

Եվրոպական ԱԹՍ-ի նախագծման առաջին փուլում իրականացվելու է սարքի թռիչքային հնարավորությունների, օգտակարության և մրցունակության գնահատում, ինչպես նաև անհրաժեշտ է ստանալ Եվրոպայի օդային տարածքում թռիչքի թույլտվություն։ Համատեղ չափորոշիչներ սահմանելու վերաբերյալ պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2015-ի վերջ։

Ծրագրի պատասխանատվությունը ստանձնելու է «Սպառազնիությունների գնման ոլորտում համագործակցության կազմակերպությունը» (OCCAR), իսկ «Եվրոպական պաշտպանական արդյունաբերության գործակալությունը» (EDA) պետք է օգնություն տրամադրի հետևյալ երեք ուղղություններում․ թռիչքների համար սարքի պիտանիության գնահատում, ատեստավորում, սարքի օդային երթևեկության ղեկավարման համակարգի ինտեգրացիա։

ԱԹՍ-ի նախագծման ծրագիրը պետք է իրականացնեն Dassault Aviation, Airbus և Finmeccanica ընկերությունները, որոնք դեռևս 2014-ի մայիսին Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարություններին առաջարկել էին զբաղվել եվրոպական MALE դասի ԱԹՍ-ի նախագծման աշխատանքներով։

Նախատեսվում է, որ ծրագրի հաջող ընթացքի դեպքում եվրոպական անօդաչու թռչող սարքը կօգտագործվի տեղեկությունների հավաքագրման, հսկողություն, ինչպես նաև մեծ տարածությունների վրա հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտարարել են, որ պատրաստ են ծրագրում ներառել նաև մյուս եվրոպական երկրներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *