Airbus կոնցերնը հայտնել է A400M ռազմական ինքնաթիռների անսարքության մասին

Եվրոպական Airbus Space & Defense ընկերությունը A400M բեռնատար ինքնաթիռներ օգտագործող բոլոր երկրներին նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է ստուգել ինքնաթիռների շարժիչների էլեկտրոնային ղեկավարման բլոկները, ինչպես նաև շարժիչի ամեն փոփոխությունից հետո տեղեկացնել ընկերությանը։ Այս մասին նշվում է Airbus Space & Defense ընկերության՝ մայիս 19-ին տարածած մամուլի հաղորդագրությունում։

A400M բեռնատար ինքնաթիռ

A400M բեռնատար ինքնաթիռ

Նշվում է, որ բեռնատար ինքնաթիռներում անսարքությունները հայտնաբերվել են 2015-ի մայիսի 9-ին Իսպանիայում գրանցված վթարից հետո, ինչի հետևանքով  ինքնաթիռի անձնակազմի 4 անդամները զոհվել էին, իսկ 2-ը՝ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել։

Այս վթարից հետո Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան և Մալայզիան հայտնել էին իրենց զինված ուժերի սպառազինությունում գտնվող A400M բեռնատար ինքնաթիռների թռիչքները դադարեցնելու մասին։ Իսկ Ֆրանսիան հայտարարել էր, որ թռիչքներ կիրականացվեն միայն խիստ անհրաժեշտ դեպքում։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին գրանցված վթարից հետո Airbus ընկերությունը ևս հաստատել է, որ վթարված ինքնաթիռը նախատեսված էր Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի համար։ Նշվում է նաև, որ Airbus-ը հերթական  A400M ինքնաթիռը նախատեսում էր Թուրքիա փոխադրել  այս տարվա հունիսին։

Հիշեցնենք, որ Airbus ընկերության հետ 2003-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ-ն մինչև 2018-ը պետք է ստանար 10 միավոր A400M  ինքաթիռ։ Մինչ այժմ, սակայն, ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին տրամադրել է պայմագրով նախատեսված ինքաթիռներից երկուսը, որոնցից մեկը՝ 2014-ի ապրիլին, իսկ մյուսը՝ դեկտեմբերին։

Հավելենք, որ 2015-ի մարտին Թոււրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ հերթական 2 միավոր ինքնաթիռների մատակարարումն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ընդ որում՝ թուրքական կողմը ուշացումների համար մեղադրել էր արտադրող ընկերությանը և պատրաստվում էր տուգանք պահանջել ։

Նշենք, որ Թուրքիան A-400M բեռնատար ինքնաթիռների նախագծին մասնակցում է դեռևս 1985-ից։ Բացի այդ 5,5% տոկոս մասնաբաժնով նախագծի բաժնետեր է նաև թուրքական TUSAŞ (TAI: «Turkish Airspace Industries») ընկերությունը։

Airbus A400M-ը  տուրբինապտուտակավոր քառաշարժիչ ռազմական բեռնատար ինքնաթիռ է, արտադրվում է Airbus Space & Defense ընկերության կողմից։ Առաջին ինքնաթիռը ցուցադրվել է 2008 թ․ հունիսի 26-ին՝ Սեվիլիայում։
Կրեյսերային արագությունը ” 780 կմ/ժ
Զանգվածը ” 76 500 կգ
երկարությունը ” 45 մ
Առաջին թռիչքը ” 2009 թ․ դեկտեմբերի 19-ին
Թռիչքի հեռավորությունը ” 3 298 կմ
Թևերի բացվածքը ” 42 մ
Բեռնատարողությունը ” մինչև 37 տոննա
Արժողությունը ” 181 մլն ԱՄՆ դոլար (2010 թ․)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *