Ծառայությունը դիվերսիաներ հետ մղած դիրքերում (ֆոտո)

Ռազմինֆոն վերջերս եղել է առաջնագծի այն դիրքերում, որտեղ նախորդող մեկ տարվա ընթացքում թշնամին ձեռնարկել է դիվերսիոն մի շարք հարձակումներ։ Հակառակորդին դիմակայած զինծառայողներին փոխարինած նոր դիրքապահները պատմում են այդ դիվերսիաների ու նաև իրենց մարտական հերթապահության մասին։

Պաշտպանության բանակ. դիրքապահ զինվորը

Պաշտպանության բանակ. դիրքապահ զինվոր

Հիմա հերոսը նույն խրամատով քայլող դիրքապահն է…

«Արմեն Հովհաննիսյանի մասին դեռ ուսումնական գումարտակում էինք լսել։ Բոլորի խոսակցության թեման այդ ամիսներին հունվարի 19-ի լույս 20-ի դիվերսիան էր, Արմենը, նրա քաջությունը։ Բայց Արմենի հետ ես «ծանոթացա» այստեղ՝ դիրքում, նրա զոհվելուց 7 ամիս անց։ Հենց առաջին օրը, երբ բարձրացանք դիրք, մեր դիրքի ավագը՝ Սարգիս Թանանյանը, ամեն ինչ պատմեց»,— 2014թ. հունվարի 19-ի դիվերսիայի մասին սկսում է պատմել շարքային Ռոբերտ Հովհաննիսյանը, հետո մի պահ կանգնում Արմեն Հովհաննիսյանի զոհված տեղում դրված հուշաքարի մոտ, լռում…

Շարքային Ռոբերտ Հովհաննիսյան

Շարքային Ռոբերտ Հովհաննիսյան

«Երբ սկսել է հարձակումը, հենց սկզբից դիրքի շանն են սպանել։ Շունը նկատած է եղել հակառակորդին, սկսել է հաչել, խփել են։ Դրանից հետո դիրքի շրջակայքում շարժն առաջինը նկատել է Արմենը, կանչել է Թանանյանին, բայց ոչինչ չի երևացել։ Արմենն ու Արսենը՝ էլի Հովհաննիսյան, դուրս են եկել, երկուսով նայել տարածքը։ Հակառակորդը դեռևս թաքնված դիրքից կրակ է բացել, փոխհրաձգություն է սկսվել, կրակել են «Մուխա» նռնականետով, Արմենը զոհվել է։ Թանանյանը շրջանաձև պաշտպանություն է կազմակերպել, և մերոնք կարողացել են հակառակորդի՝ շատ լավ պատրաստված դիվերսիոն խմբին հետ շպրտել»,—շարունակում է Ռոբերտը։

Արդեն ինն ամիս մարտական հերթապահություն անցկացնող 19-ամյա դիրքապահն ամեն հարմար առիթով սկսում է պատմել դիրքերում իր առաջին հրամանատարի մասին, ասում է՝ ինչ գիտի հիմա, սովորել է կապիտան Սարգիս Թանանյանից, ով պայմանագրի լրանալուց հետո զորացրվել է։

«Ես չեմ կարող ասել՝ հերոսությունն ինչ է, բայց հավատացեք՝ հեշտ չէ չվախենալ ու մինչև վերջ պայքարել։ Արմենը չի վախեցել, տղերքը չեն վախեցել, Թանանյանը պատմում էր, որ միշտ էլ Արմենը լավ ու խիզախ սերժանտ է եղել։ Թանանյանը շատ է պատմել, համարյա ամեն օր պատմում էր։ Ինքն էլ է հերոս, իսկ իր հերոսները տղերքն էին»,— հիշում է Ռոբերտը։

Սահման. դիտակետից այն կողմ

Սահման. դիտակետից այն կողմ

«Մեր դասակի ներկայիս հրամանատարն էլ է շատ լավը, բայց Թանանյանը չպետք է գնար։ Մեզ համար ուրիշ էր ինքը»,—անկեղծանում է Ռոբերտ Հովհաննիսյանը։ Ասում է՝ իսկական մարտ ղեկավարած սպայի հետ ծառայելու հոգեբանական ազդեցությունն աներևակայելի էր։

Հարցին, թե ինչ է սովորել Թանանյանից, Ռոբերտը պատասխանում է. «Նախ՝ լավ կրակել։ Չէ´, Թանանյանի սովորեցրածն ուսումնական պարապմունքների կրակելը չէր… Թանանյանը մեզ սովորեցնում էր ամեն ինչ՝ գնահատել իրար, գնահատել յուրաքանչյուր փամփուշտը, հետո հավատալ նրան, ինչ անում ես։ Իմ հերոսը միշտ Մոնթեն է եղել, բայց Մոնթեն հեռու կերպար էր, առասպելական, հիմա հերոսի կերպարը փոխվել է, մոտեցել, հիմա հերոսը նույն խրամատով քայլող, դիրքերի նույն կերակուրներն ուտող, նույն երդումը երբևէ տված դիրքապահն է»,—հավաստիացնում է ներկայիս դիրքապահը։

Ես փոխարինել եմ Էրիկին, մնացած տղերքին…

«Գիշեր է եղել, 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածը։ Հակառակորդը հարձակվել է մեր դիրքի վրա, տղերքը արագ կողմնորոշվել, կազմակերպել են պաշտպանություն, ու ադրբեջանցի հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել՝ տալով երկու սպանված ու մեկ վիրավոր։ Մեր տղերքից զոհվել է Էրիկը… Էրիկ Գասպարյանը։ Ես իրեն չգիտեմ, ընկերս է պատմել, ես Էրիկի հետ չեմ հասցրել ծառայել։ Ես փոխարինել եմ Էրիկին, մնացած տղերքին»,— 2014թ. մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված հարձակման մասին պատմում է շարքային Մհեր Իսկարյանը։

Շարքային Մհեր Իսկարյան

Շարքային Մհեր Իսկարյան

«Գիտեի՝ ուր եմ գալիս։ Հոգեբանորեն պատրաստ էի։ Ընկերս այստեղ է ծառայել, այդ օրվա դիվերսիան հետ մղած տղաներից մեկն է, հիմա զորացրվել է։ Ոչ մի ժամ չհասցրինք միասին ծառայել. իմ առաջին հերթափոխն էր, նրա՝ վերջինը»,—պատմում է Մհերը։

Այս դիրքում Մհերն արդեն մի քանի մարտական հերթապահություն է անցկացրել, բայց ամենից լավ հիշում է առաջին հերթափոխը։

«Շատ բան էինք լսել, գիտեինք՝ ինչ է եղել, անհանգստություն կար, պատասխանատվության մեծ զգացում։ Վախը կորավ, երբ եկանք ու տեսանք, որ այդ ամենն ապրած տղաները չեն վախենում, ու մնաց պատասխանատվության զգացումը՝ ամենաշատը մեկս մյուսի կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումը։ Գիտե՞ք, ես վստահ, հանգիստ քնում եմ կացարանում, երբ ընկերներս դրսում կանգնած են, նույն կերպ իրենք են հանգիստ, երբ ես եմ հերթապահում։ Եթե մեկիս անզգոնության պատճառով մի բան եղավ, բոլորս ենք տուժելու»,—շեշտում է շարքային Իսկարյանը։

Առաջնագիծ. ինժեներական լուծումներ

Առաջնագիծ. ինժեներական լուծումներ

«Այստեղ շներն էլ են դիրքապահ ու ոչ պակաս դուխով»,— ասում է Մհերը ու շոյում կացարանի առաջ նստած երեք ոտք ունեցող շանը։ Շունը ոտքը կորցրել է ականի պայթյունի հետևանքով, երբ անզգուշաբար անցել էր ականապատված միջդիրքային գոտի։

Պաշտպանության բանակ. Վիրավոր դիրքապահ շունը

Պաշտպանության բանակ. Վիրավոր դիրքապահ շունը

One response to “Ծառայությունը դիվերսիաներ հետ մղած դիրքերում (ֆոտո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 17-23 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *