ԱՄՆ-ի առաջին ցամաքային գործողությունը Սիրիայում. սպանվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը Սիրիայում առաջին անգամ ցամաքային գործողություն են իրականացրել երկրի արևելյան հատվածում՝ Ալ-Ամարում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան հրամանատարներից Աբու Սայյաֆին բռնելու համար, ով, սակայն, ծավալված կռվի ժամանակ սպանվել է: Այս մասին հայտնում է CNN լրատվակայքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին:

ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի «Դելտա» ստորաբաժանման մարտիկներ

ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի «Դելտա» ստորաբաժանման մարտիկներ

Քարթերը նաև նշել է, որ ինքը ներխուժման հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անմիջական լիազորությամբ: Ծավալված մարտերի ժամանակ սպանվել են տասնյակ զինյալներ: Ամերիկյան զորքերին հաջողվել է բռնել Սայյաֆիի կնոջը՝ Ումմ Սայյաֆիին, ում տեղափոխել են Իրաք: Ենթադրվում է, որ վերջինս ևս ԻՊ անդամ է և ղեկավարել է եզդի երիտասարդ կանանց ստրկացման գործողությունները:

Ամերիկյան ուժերը գործողության ավարտից հետո առանց զոհերի  անվտանգ դուրս են եկել Սիրիայի տարածքից, հավելել է Պենտագոնի ղեկավարը:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բերդադեթ Միիհանը, խոսելով նախագահի լիազորությամբ իրականացված օպերացիայի և արդյունքների մասին, նշել է, որ ահաբեկիչների սպանված առաջնորդը ղեկավարել է նաև 2014-ի հուլիսին ԻՊ-ի վերահսկողության տակ անցած Դեր Զորի 6 նավթահորերի և գազահորերի աշխատանքներն ու դրանցից եկող հսկայական եկամուտները, որոնք ԻՊ-ի գլխավոր ֆինանսական աղբյուրն էին:

Սիրիայի 6  նավթահորերն և գազահորերը գտնվում են Դեր Զորում

Սիրիայի 6 նավթահորերն և գազահորերը գտնվում են Դեր Զորում

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության, ինչպես նաև նրա  դեմ պայքարող ընդդիմադիր որոշ խմբերի դեմ մի քանի ճակատով ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները վերջին տարիներին մեծ իրարանցում առաջացրին Մերձավոր Արևելքում, երբ 2014 թ. հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիսարևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի  նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների և շիա մահմեդականների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ պայքարող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեցին քարոզել, թե իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ, և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»՝ շեշտելով, որ դա չի լինելու ցամաքային գործողության ձևաչափով:

2014 թ. հոկտեմբերին ԱՄՆ-ը գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ սկսեց հասցնել նաև Սիրիայի տարածքում, մասնավորապես՝ ԻՊ զինյալների պաշարած և Թուրքիային սահմանակից Քոբանի քաղաքի դիրքերին:

One response to “ԱՄՆ-ի առաջին ցամաքային գործողությունը Սիրիայում. սպանվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը

  1. Pingback: ԻՊ դեմ ավիահարվածներից 1 տարում սպանվել է մոտ 15 հազար զինյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *