Վրաստանի պաշտպանության նախարարը նոր տեղակալներ ունի

Այսօր՝ մայիսի 15-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին պաշտպանական գերատեսչության աշխատակիցներին է ներկայացրել իր տեղակալներին և խորհրդականներին։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարը ներկայացնում է իր տեղակալներին

Վրաստանի պաշտպանության նախարարը ներկայացնում է իր տեղակալներին

Այսպիսով՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Դավիդ Էբրալիձեն, ով ղեկավարելու է ֆինանսական բլոկը։ Հետաքրքրական է, որ նա 2012-2013թթ. զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ Հայտնի է նաև, որ Էբրալիձեն երկար տարիներ եղել է Վրաստանի էներգետիկ հարցերով օմբուդսմենը։

Մյուս տեղակալի պաշտոնում Բեսո Լոլաձեն է նշանակվել։ Նա զուգահեռ լինելու է նաև խորհրդարանում պաշտպանության նախարարության քարտուղարը։ Հարկ է նշել, որ նա եղել է Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամ, իսկ 2004-2005թթ. զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։

Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքները պաշտպանելու է պաշտպանության նախարարի երրորդ տեղակալը՝ Աննա Դոլիձեն։ Վերջինս 2004-2006թթ. եղել է «Վրաստանի երիտասարդ իրավաբաններ» կազմակերպության ղեկավարը։

Թինաթին Խիդաշելին հայտնել է, որ կողմնորոշվել է նաև մյուս երկու տեղակալների հարցում, սակայն վերջիններիս անունները կհայտնի հունիսին, քանի որ նրանք այժմ երկրում չեն։

Տեղակալներին ներկայացնելուց հետո Խիդաշելին հանրությանը ծանոթացրել է նաև իր խորհրդականներին։ Հանրային կապերով խորհրդական է նշանակվել Իմեդա Դարսալիան, միջազգային կազմակերպությունների հարցերով՝ Նինո Շենգելիան, իսկ սոցիալական հարցերով զբաղվելու է Մայա Քավթարաձեն։

One response to “Վրաստանի պաշտպանության նախարարը նոր տեղակալներ ունի

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *