Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժություն կանցկացնի Էգեյան և Միջերկրական ծովերում

Մայիսի 14-18-ը Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը զորավարժություն կանցկացնեն Մարմարա, Էգեյան ծովերում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Զորավարժությունը ղեկավարելու է Թուրքիայի ռազմածովային ուժերի նավատորմիղի հրամանատարության պետ, փոխծովակալ Վեյսել Քյոսելեն։ Վարժանքներին ներգրավված են լինելու նաև ռազմաօդային և առափնյա անվտանգության հրամանատարությունների ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքական նավատորմի «Բուրաք» դասի ռազմանավ

Թուրքական նավատորմի «Բուրաք» դասի ռազմանավ

Denizkurdu-2015 (թրք.՝ «ծովային գայլ-2015») զորավարժությունը մեկնարկելու է մայիսի 14-ին, երբ ստորաբաժանումները և նավերը դուրս կգան Գյոլջուքի, Էրդեքի, Ֆոչայի և Աքսազի ռազմաբազաներից։ Առաջին օրերին անցկացվելու են ծովային զորաշարժի կազմակերպման վարժանքներ, որից հետո՝ մայիսի 18-19-ը նավերը մտնելու են Իզմիրի, Չեշմեի, Քուշադասի, Բոդրումի և Մարմարիսի նավահանգիստներ, ինչի ընթացքում Թուրքիայի բնակիչները կարող են ծանոթանալ նավերին։ Նավահանգիստների այցելությունից հետո` մայիսի 23-ին նավերը և անօդաչու թռչող սարքերը խոցելու վարժանքներ են անցկացվելու։

Զորավարժության նպատակը՝  զորամիավորումների, ստորաբաժանումների և նավերի՝ հրետանային և հրանոթային կրակի արձակմամբ ուղեկցվող զորաշարժին պատրաստվելն ու պատրաստականության մակարդակի բարձրացումն է։  Հայտնի է նաև, որ վարժանքների ընթացքում փորձարկվելու են ծովից, ցամաքից և օդից եկող վտանգների դեմ հակագործողությունների իրականացման կատարելագործման մեխանիզմներ։

Զորավարժությանը ներգրավված են լինելու Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի 93 նավ, ծովային պարեկության 4 ինքնաթիռ,  ջրային 16 ուղղաթիռ,  «ստորջրյա հարձակման» 8 խումբ, «ստորջրյա պաշտպանության» 4 խումբ, ռազմաօդային ուժերի 2 միավոր օդային նախազգուշացման ու վերահսկման (AWACS) ինքնաթիռ, առափնյա անվտանգության ուժերի մեկ որոնողափրկարարական նավ, առափնյա անվտանգության 4 ուղղաթիռ, ծովային պարեկության մեկ  ինքնաթիռ և 20 նավակ։

Ավելացնենք նաև, որ նույն օրերին այս զորավարժության հետ համատեղ Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) թերակղզու տարածքում անցկացվելու է «Չանաքքալե-2015» զորավարժությունը։

One response to “Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժություն կանցկացնի Էգեյան և Միջերկրական ծովերում

  1. Pingback: Թուրքական «Քարայել» ԱԹՍ-ն ներգրավվել է Միջերկրականում անցկացված զորավարժությանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *