ԱՄՆ-ն 5 մլն դոլար է խոստանում ԻՊ-ի վրաստանցի առաջնորդի մասին տեղեկության համար

«Իսլամական պետություն» զինված խմբավորման դաշտային 4 հրամանատարի, այդ թվում նաև Թարխան Բատիրաշվիլիի մասին տեղեկատվության համար ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստ է վճարել շուրջ 20 մլն ամերիկյան դոլար։ Այս մասին մայիսի 5-ին հայտնում է ԱՄՆ Պետդեպի կայքը։

Թարխան Բատիրաշվիլին

Թարխան Բատիրաշվիլին

Ըստ հաղորդագրության՝ Պետդեպի ցուցակում են հայտնվել Աբդ ալ Ռահման Մուստաֆա ալ Քադուլին (7 մլն ԱՄՆ դոլար), Աբու Մուհամեդ ալ Ադնանին (5մլն ԱՄՆ դոլար), Թարխան Բատիրաշվիլին (5 մլն դոլար), Թարիք Բին ալ Թահար Բին ալ Ֆալիհ ալ Ավնի ալ Հարզին (3մլն դոլար)։

Հարկ է նշել, որ որոնվողներից Թարխան Բատիրաշվիլին Վրաստանի քաղաքացի է, ծնունդով Պանկիսի կիրճից (այստեղ ապրում են իսլամ դավանող չեչեններ՝ քիստեր։ Ավելի հայտնի է Ումար ալ Շիշանի (Շիշանին արաբերեն Չեչնիան է) անունով։ 2014թ. սեպտեմբերի 24-ին էլ ԱՄՆ-ն նրան ներառել է ԻՊ-ի հետ կապ ունեցող ամենավտանգավոր 11 ահաբեկիչների ցանկում։

Հավելենք, որ մայիսի 2-ին «Կովկասյան հանգույց» պարբեականը՝ հղում անելով իրանյան «Alforat» լրատվական գործակալությանը, հայտնել էր, որ իբր Սիրիայիում մարտերի ժամանակ սպանվել է Բատիրաշվիլին, ինչպես նաև ևս 10 զինյալ։ Սակայն մայիսի 4-ին վրաստանյան Իմեդի հեռուստաընկերության Իմեդիս Կվիրա հաղորդման շրջանակներում Բատիրաշվիլու ազգականներից Իդիլխան Բատիրաշվիլին հերքել էր մահվան լուրը։ «Չգիտեմ՝ իր ընտանիքի հետ կապվել է, թե ոչ, բայց նրա մահվան մասին ես չեմ լսել»,- ասել է Իդիլխան Բատիրաշվիլին։

Եվ դա միակ դեպքը չէ, որ Բատիրաշվիլի մահվան մասին կեղծ լուրեր են տարածում տարբեր լրատվականներ։ Ահաբեկչին վերջին անգամ «սպանել էր» նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը՝ Ինստագրամի իր բլոգում գրելով. «Իսլամի թշնամի, ինքն իրեն Օմար ալ Շիշանի կոչող Թարխան Բատիրաշվիլին սպանվել է»։

Բատիրաշվիլիի սպանվելու մասին լուրեր շրջանառվել են նաև 2013 թվականին։

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում Պանկիսիում կատարվող իրադարձությունները վրաստանյան մամուլում մեծ աղմուկ են բարձրացրել։ Կիրճից հավաքագրում են երիտասարդների՝ Սիրիայում «Իսլամական պետություն» զինված խմբավորման շարքերը համալրելու համար։ Խոսակցություններ կան, որ երիտասարդները հենց Բատիրաշվիլու մոտ են գնում մարտնչելու։

Վրաստանի կառավարությունը խոստովանել է, որ Սիրիայի մարտերի համար հավաքագրող անձինք Վրաստանի իշխանությունների վերահսկողությունից դուրս են, սակայն օպերատիվ աշխատանքներ են տարվում։

Հիշեցնենք, որ սիրիական հակամարտության ընթացքում արդեն մահացել է 11 վրաստանցի, որոնցից 10-ը եղել են Պանկիսիի կիրճից (Ախմետի շրջան), 1-ը՝ Աջարիայից։ Նշենք նաև, որ Վրաստանի Ախմետի շրջանը հյուսիսից սահմանակից է Չեչնիային, իսկ արևելքից՝ Դաղստանին։

One response to “ԱՄՆ-ն 5 մլն դոլար է խոստանում ԻՊ-ի վրաստանցի առաջնորդի մասին տեղեկության համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 3-9 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *