Անկարայում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ղեկավարները

Այսօր՝ մայիսի 4-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի, Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։

Ձախից՝ աջ. Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը

Ձախից՝ աջ. Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն, իր հերթին նշում է, որ հանդիպմանը քննարկվող թեմաների ցանկում, ի թիվս այլ հարցերի, եղել են երկաթուղային գծերի և էներգակիրների մատակարարման ենթակառուցվածքի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը կողմերը որոշել են նաև ստեղծել երեք երկրների զինված ուժերի համագործակցությունը կոորդինացնող խումբ, որը կզբաղվի համատեղ զորավարժությունների, ինչպես նաև ռազմաբժշկությանն ու ռազմական կրթությանը վերաբերող դասընթացների կազմակերպմամբ։ Ընդունված որոշումների վերաբերյալ հանդիպման ավարտին ստորագրվել է արձանագրություն։

Նշենք, որ վերջին շրջանում նկատվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության խորացման ակտիվ միտումներ։ Երեք երկրների միջև դեռևս 2000-ականների սկզբից անցկացվում են Eternity (Հավերժություն) անվամբ հրամանատարաշտաբային ամենամյա զորավարժություններ, որենց նպատակն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովումը հնարավոր սպառնալիքների դեպքում։

2014-ից, սակայն, ձեռնարկվեցին ռազմական համագործակցության ընդլայնման մի շարք այլ քայլեր։ Մասնավորապես, 2014-ի օգոստոսին Նախիջևանում կայացավ երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ առաջին հանդիպումը, որի արդյունքում նախ որոշվեց որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումները պետք է շարունակական և որ կարևորն է՝ որոշվեց մասնակից երկրների զինված ուժերի մասնակցությամբ անցկացնել արդեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ։

Համատեղ զորավարժություն անցկացնելու մտադրությունը վերահաստատվեց նաև 2015-ի ապրիլի 2-ին, երբ պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումն անցկացվեց Թբիլիսիում։ Այս իրադարձությունների ֆոնին Անկարայում կայացած հանդիպումը, կարելի է ենթադրել, նպատակ ունի համաձայնեցնել նաև ռազմական համագործակցությանը վերաբերող օպերատիվ բնույթի հարցեր։ Թերևս, դրանով է պայմանավորված, որ հանդիպում են զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը։

Ինչ վերաբերում է հանդիպմանը Ադրբեջանի՝ պաշտպանության նախարարի մակարդակով ներկայանալուն, ապա նշենք, որ ի տարբերություն Թուրքիային և Վրաստանին (ինչպես նաև Հայաստանին), այդ երկրում հստակ տարանջատված չէ զինված ուժերի ադմինիստրատիվ ու օպերատիվ կառավարումը, և պաշտպանության նախարարը զբաղվում է նաև զորքերին վերաբերող օպերատիվ բնույթի հարցերի կարգավորմաբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *