Բելառուսը 4 ուսումնամարտական ինքնաթիռ է ստացել, ևս 4 միավոր էլ պատվիրել

Այսօր՝ ապրիլի 27-ին, Բելառուսի «Լիդա» օդանավակայանում ռուսաստանյան «Իրկուտ» ընկերության ներկայացուցիչները բելառուսական կողմին են հանձնել իրենց ընկերության արտադրած 4 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ: Այս մասին հայտնում է բելառուսական «ԲելՏԱ» լրատվական գործակալությունը:

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ

Օդանավակայանի տարածքում տեղակայված ավիաբազայում 4 միավոր ինքնաթիռներն առանձին էսկադրիլիա են կազմելու, իսկ ինքնաթիռների ապագա անձնակազմերը ներկայում մարզումների են մասնակցում Ռուսաստանի Ժուկովսկի քաղաքի ուսումնական կենտրոնում:

«ԲելՏԱ» գործակալությունը հայտնում է նաև, որ բելառուսական կողմը որոշել է բացի արդեն ստացած 4 միավոր ինքնաթիռներից պատվիրել ևս 4 միավոր և շարունակել դրանց գնման ծրագիրը նաև 2020 թվականից հետո:

Բելառուսական զինված ուժերում այս ինքնաթիռները փոխարինելու են չեխական արտադրության Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներին, որոնց շահագործման ժամկետը լրանալու է 2020-ին:

Ավելացնենք, որ Բելառուսին ինքնաթիռներ վաճառելու գործարքի մասին ռուսաստանյան կողմն առաջին անգամ հայտնել է ընթացիկ տարվա մարտին: Ինքնաթիռներն արտադրող «Իրկուտ» ընկերության տնօրեն Օլեգ Դեմչենկոն հայտարարել էր, որ Բելառուսի հետ պայմանագիրը կնքվել էր դեռևս 2012-ին:

Բացի այդ, խոսելով ԱՊՀ մյուս երկրներին ինքնաթիռներ վաճառելու մասին՝ ռուսաստանյան ավիաշինական ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ իրենք բանակցում են նաև Հայաստանի և Ուզբեկստանի հետ:

Հավելենք, որ Ռուսաստանյան «Իրկուտ» ավիաշինական ընկերության արտադրած Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները թույլ են տալիս օդաչուներին սովորել չորրորդ և հինգերերոդ սերնդի կործանիչներ վարել։ Թեև այն իր մարտական տվյալներով զիջում է կործանիչներին, սակայն զգալի էժան արժեքը և ուսումնական նշանակությամբ կիրառությունը ինքնաթիռի դրական կողմերից են։ Մեկ Յակ-130-ի արժեքը կազմում է 15 մլն ամերիկյան դոլար։

Ուսումնամարտական ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։ Յակ-130-ը կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ: Յակ-130-ի անձնակազմը 1 կամ 2 հոգի է: Այն կարող է կրել 23մմ թնդանոթների կոնտեյներներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր՝ առավելագույնը 3000կգ զանգվածով։

Ինքնաթիռի առավելագույն արագությունը 960կմ/ժ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12,5կմ: Ինքնաթիռի շահագործման ժամկետը 12 հազար թռիչքային ժամ է:

One response to “Բելառուսը 4 ուսումնամարտական ինքնաթիռ է ստացել, ևս 4 միավոր էլ պատվիրել

  1. Pingback: Բելառուսը ստացել է ուսումնամարտական ինքնաթիռների երկրորդ խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *