Ապրիլի 22-ին Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի անձնակազմը մարտական պատրաստությունը ստուգելու նպատակով դուրս է եկել բաց ծով վարժանքներ անելու։ Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է ՀՌՕ-ի հաղորդագրության մեջ, Կասպյան նավատորմիղի 10 նավ դուրս են եկել Մախաչկալայի իրենց կայանման վայրից։ Վարժանքների ժամանակ օգտագործվում է «Դաղստան» հրթիռային նավը, դեսանտային նավեր, հակադիվերսիոն «Գրաչոնոկ» կատերը, ինչպես նաև օգնական նավեր։
Հավելենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգը տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ տարատեսակ զորավարժություններ է իրականացնում։
Մարտի սկզբից ՀՌՕ-ի մի շարք ստորաբաժանումներ խոշորամասշտաբ դաշտային ելքի են դուրս եկել՝ ՀՕՊ ստորաբաժանումների, զորամասերի և միավորումների մասնակցությամբ։ Զորավարժություն էր մեկնարկել նաև Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում։
Pingback: Կասպից ծովում հակադիվերսիոն պաշտպանության զորավարժություն է անցկացվել | Ռազմ.info