Իրանի պաշտպանության նախարարի ադրբեջանյան այցի երկրորդ օրվա ամփոփում

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը, ինչպես արդեն պարզ դարձավ, Բաքու կատարած երկօրյա իր այցի ընթացքում հանդիպումների հիմնական մասն ունեցավ առաջին օրը՝ ապրիլի 20-ին՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովին։

Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը

Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը

Ապրիլի 20-ին անցկացրած հանդիպումների արդյունքների մասին մանրամասնող որոշ հրապարակումներ իրանական մամուլում տեղ գտան միայն այսօր՝ ապրիլի 21-ին։ Հարկ է նշել, որ ադրբեջանական աղբյուրներն այս այցը լուսաբանում են բավական սահմանափակ՝ կենտրոնանալով միայն հանդիպումների արարողակարգային հատվածների վրա՝ լուսանցքներից դուրս թողնելով դրանց ընթացքում քննարկված հարցերի բովանդակությունը։

Այսպիսով, իրանական Presstv.ir լրատվակայքի փոխանցմամբ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ Հոսեյն Դեհղանն անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին նշել է, որ Ադրբեջանն ու Իրանը պետք է օգտվեն ընձեռված հնարավորություններից՝ խորացնելու համար համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Նա կարևորել է այդ համագործակցության ամրապնդումը՝ հատկապես մատնանշելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության վատթարացումը։

Զաքիր Հասանովի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը։ Դեհղանը հայտարարել է, որ Իրանը կողմ է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», սակայն միևնույն ժամանակ նշել, որ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող փխրուն իրավիճակը, դեմ է որևէ միջոցի, որը կհանգեցնի արցախյան ճգնաժամի վերսկսմանը։ Դեհղանը հայտարարել է նաև, որ արտատարածաշրջանային երկրներն ամենևին էլ շահագրգռված չեն Արցախյան հակամարտության կարգավորմամբ՝ հնարավոր է այդ կերպ ադրբեջանական կողմին ակնարկելով, որ Իրանն ավելի մեծ դերակատարում պետք է ունենա հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունները հիմնականում կրել են արարողակարգային բնույթ, որոնք վերաբերել են Ադրբեջնաի համար Իրանի կարևոր գործընկեր լինելուն և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը։

Իրանի պաշտպանության նախարարի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ

Իրանի պաշտպանության նախարարի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ

Ապրիլի 21-ին հայտնի դարձավ նաև, որ նախօրեին բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի և Ադրբեջնաի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ հանդիպմանը խոսվել է նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերով հանդես գալու մասին։ Իրանցի նախարարն առաջարկել է որպես սկզբնական քայլ երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև իրականացնել փորձի փոխանակում։

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի՝ Բաքու կատարած այցի կապակցությամբ ապրիլի 21-ին մամուլի ասուլիս է հրավիրել Ադրբեջանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհսեն Փաք Այինը։ Վերջինս խոսելով Դեհղանի այցի կարևորության և արդյունավետության մասին տեղեկացրել է, որ հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարների համանախագահությամբ ստեղծել պաշտպանական միացյալ հանձնաժողով, որը կզբաղվի ռազմական ոլորտում համագործակցության կոորդինացմամբ։

Հավելենք, որ ապրիլի 21-ին ավարտվեց Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկօրյա այցն Ադրբեջան։

Կարդացեք նաև՝ Իրանի պաշտպանության նախարարի ադրբեջանյան այցի առաջին օրվա ամփոփում

One response to “Իրանի պաշտպանության նախարարի ադրբեջանյան այցի երկրորդ օրվա ամփոփում

  1. Pingback: Իրանի պաշտպանության նախարարի ադրբեջանյան այցի առաջին օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *