Օդային հարվածներ են հասցվել Եմենում «Սքադ» հրթիռների բազային, կան զոհեր և վիրավորներ

Եմենի՝ հութի շիադավան ապստամբների վերահսկողության տակ անցած մայրաքաղաք Սանայում տեղակայված «Սքադ» բալիստիկ հրթիռների բազայի վրա օդային հարվածների հետևանքով ապրիլի 20-ին զոհվել է 25 մարդ, կա մոտ 400 վիրավոր: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ներկայումս հութիների կողմից հեռարձակվող Եմենի Saba պետական լրատվական գործակալությանը:

Գործակալության փոխանցած տվյալներով՝ վիրավորներից շատերը կանայք և երեխաներ են: Հաշվի առնելով, որ տեղեկատվության աղբյուրը շահագրգռված է ուռճացված թվեր ներկայացնել՝ այս պահին դժվար է հստակ թիվ նշել վիրավորվների և զոհերի վերաբերյալ: Նշենք, որ Եմենում գործող բժշկական աղբյուները հայտնում են ավելի քան 15 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին՝ չհստակեցնելով թիվը:

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան նույն օրը հարվածներ է հասցրել նախկին նախագահական տան ու դեսպանատների թաղամասի հարևանությամբ գտնվող Ֆաջ Աթթան լեռան վրա գտնվող ռազմաբազային:

Ավելացնենք, որ փետրվարին հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, և վերջինս ստիպված է եղել ապաստանել երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, որը մինչ երկու Եմենների միավորումը (1990 թ.) եղել է Ազգային Ժողովրդավարական Եմենի մայրաքաղաքը: Եմենի արտգործնախարարը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել, որ ռազմական միջամտությամբ կանխեն շիադավան, իրանամետ հութի ապստամբների՝ դեպի երկրի հարավային շրջաններ առաջխաղացումը: Իսկ մարտի 24-ին ռազմական աջակցության խնդրանքով ՄԱԿ-ին է դիմել երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, որից հետո Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել Եմենում։

Գործողություններին մասնակցում են Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի։ Արաբական Միացյալ Էմիրությունները գործողություններին մասնակցում է 30 կործանիչով, Բահրեյնը՝ 15, Քուվեյթը՝ 15, Քաթարը՝ 10 և Հորդանանը՝ 6 կործանիչներով։ Եգիպտոսը և Սուդանը ևս մասնակցելու պատրաստակամություն են հայտնել։ Ռազմական գործողություններին Ծոցի երկրների կոալիցիայի կազմում մասնակցում է մոտ 100 մարտական ինքնաթիռ և 150 հազար զինվորական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *