Ռազմական ինստիտուտի աղջիկ կուրսանտների ծառայության մասին պատմում են նրանց սպաները

Ռազմինֆոն արդեն զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի աղջիկ կուրսանտների հետ, ծանոթացել ռազմական ոլորտի նրանց պատկերացումներին։ Այս անգամ աղջիկ կուրսանտների մասին պատմում է ինստիտուտի սպայական կազմը, որն աշխատում է նրանց հետ։

Փոխգնդապետներ Արտակ Պապյանն ու Սամվել Խաչատրյանը

Փոխգնդապետներ Արտակ Պապյանն ու Սամվել Խաչատրյանը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ԱՀՏԱ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սամվել Խաչատրյան։

— Աղջիկներին տրված պայմաններն արդյո՞ք տարբերվում են տղաներին տրված պայմաններից։

Սեռական խտրականություն չի դրվում։ Բայց ֆիզիկական պատրաստության դեպքում, բնականաբար, աղջիկները մի փոքր թույլ են, իրենց ինչ-որ տեղ վերապահումով են մոտենում։ Իսկ մնացած հարցերում՝ կրակային, շարային, հիմնական մարտական պատրաստության առարկաների դեպքում ոչ մի տարբերություն չի լինում։

— Աղջիկների կարանտինի շրջանում  (երիտասարդ մարտիկի շրջանը) տղաների վերաբերմունքն ինչպիսի՞ն էր։ Վերահսողությունը ուժեղացվե՞լ էր։

Այդ ժամանակահատվածում ոչ մի տարբերություն մենք չենք զգացել աղջիկների և տղաների մոտ, որովհետև մենք չենք ասել, որ օրինակ՝ առավոտյան մարմնամարզությանը տղաները պիտի դուրս գան 6 անց կես, իսկ աղջիկները կարող են երկար քնել կամ ավելի երկար ժամանակ պատրաստվել։ Նման բան չի եղել, օրվա կարգացուցակը չի փոխվել հատուկ աղջիկների համար, օրվա կարգացուցակով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են։

— Իսկ եղե՞լ է, որ աղջիկները բողոքել են։

Երբեք։

— Իսկ Դուք աղջիկների մոտ այս ամիսներին նկատե՞լ եք բնավորության կոպտացում, տղամարդկային հատկանիշների ձեռքբերում։

Բնականաբար, շրջապատը և միջավայրը փոխում են, բայց մեր աղջիկների պարագայում հեզությունը, աղջկական ճկունությունը, նազը չի փոխվել։ Միգուցե այլ բուհերում սովորող աղջիկներից տարբերվում են, բայց հաշվի առեք որ մեր կառույցն ամեն դեպքում կոպիտ կառույց է։

— Պարոն Խաչատրյան, Դուք զորքերում տղամարդկանց հետ աշխատելու մեծ փորձ ունեք, այնտեղ հրամանատարները տղամարդիկ են։ Ըստ Ձեզ՝ կանանց մեջ «հրամանատարական հատկություններից» ի՞նչն է պակասում։

Մեզ համար խորթ է տեսնել, թե ինչպես է կին հրամանատարը մարտական խնդիրներ առաջադրում կամ պահանջները դնում ենթակա անձնակազմի առաջ։ Բայց դա ժամանակի հարց է: Ինչպես այդ համարձակությունը եղավ, նրանք եկան ռազմական ինստիտուտ, այնպես էլ մենք վաղը կտեսնենք շարքի առաջ հրաման տվող մեր հայ աղջիկներին որպես կայացած սպաներ, հրամանատարներ։ Դա նրանց կհաջողվի, որովհետև հայ կինն ինչքան կանացի է, այնքան էլ կարող է լինել ստորաբաժանման հրամանատար, ղեկավար։

— Դաշտային պարապմունքներում տղանե՞րն են ավելի ակտիվ, թե՞ աղջիկները։

Բացի լսարանային պարապմունքներից, որոնց բոլորը դպրոցական տարիներից սովոր են, բնականաբար, ինչքան դաշտային պարապմունքներ են լինում, աղջիկներն ավելի են ոգևորվում։ Որովհետև իրենց համար անծանոթ է, դա անում են տղամարդկանց հավասար ու մի քանի օր շարունակ դրա մասին խոսում։

— Հիմա խնդիրների մասին մի քիչ խոսենք. ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ կին հրամանատարը։

Դա ապագան ցույց կտա, երբ որ մեր նոր ծիծեռնակները կդառնան հրամանատար ու կլսենք նաև նրանց հրամանատարների կարծիքը իրենց ծառայության վերաբերյալ։ Այդ ժամանակ մենք կարող ենք կոնկրետ խոսել՝ ստացվե՞ց, թե՞ չստացվեց։ Ինչ վերաբերում է բացասական բաներին, կարող է լինել սոցիալ-կենցաղային կամ հրամաններ արձակելու հետ։ Մենք կփորձենք այդ բոլոր հարցերին ճիշտ և դրական լուծում տալ։

— Վախ կա՞, որ կարող են իրենց առջև դրված խնդիրները չլուծել։

Եթե խոսքը մեր յոթ աղջիկների մասին է, ասեմ, որ նրանց մեջ այնքան կայծ կա, այնքան հայրենասիրություն կա, և նրանք այնքան հոգի են ներդնում, որ չեմ կարծում, թե մեր աղջիկների մոտ նման բան լինի։ Վախ չափի մեջ միշտ էլ պետք է լինի։

— Իսկ տղաներին առանձին հարցնու՞մ եք աղջիկների ներկայությունն իրենց վրա ինչ ազդեցություն է ունենում։

Անպայման, բոլորը միանգամից շեշտում են, որ ավելի են ձգվում, ավելի պարտավորվում են։

Կրակային պատրաստության ամբիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյան

Կրակային պատրաստության ամբիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյան

Մեր մյուս զրուցակիցը կրակային պատրաստության ամբիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանն է, ով հատուկ Ռազմինֆոյի համար աղջիկ և տղա կուրսանտների միջև զենքի քանդման և հավաքման մրցույթ կազմակերպեց և ներկայացրեց երկու կողմի մոտ առկա ինչպես դրական կողմերն, այնպես էլ թերությունները։

— Ու՞մ հետ է ավելի հեշտ աշխատել, ովքե՞ր են ավելի ընդունակ։

Երկուսի մոտ էլ նույնն է, հեշտ ու դժվար չկա, թե´ տղաներին, թե´ աղջիկներին պետք է կարողանանք ճիշտ բացատրել, սովորեցնել և վարժեցնել։ Աղջիկների մոտ ֆիզիկականի պատճառով երբեմն ավելի դժվար է ստացվում՝ զենքեր կան, որ ծանր են, լիցքավորումը մի քիչ բարդ է։ Չնայած նման խնդիրներ առաջանում են նաև տղաների մոտ, եթե ֆիզիկապես թույլ են լինում։

— Դաշտային պարապմունքների ժամանակ ինչպե՞ս են աղջիկներն իրենց դրսևորում։

Նորմալ հանձնում են նորմացույցները, կան աղջիկներ, որ շատ լավ են կրակում, օրինակ Նաիրան և Արմինեն։ Ամեն դեպքում, շատ անհատական է, աշխատանքի տեղ միանշանակ կա։

— Իսկ ֆիզիոլոգիական առումով ասում են, որ աղջիկները ավելի լավ են կրակում, քանի որ կարողանում են շնչառությունը վերահսկել։

Կա այդպիսի բան։ Ոչ միայն շնչառության վերահսկումը, այլև աղջիկների մոտ ձեռքերը չեն դողում։ Նրանց մոտ ավելի լավ է ստացվում միօրինակ նշանառումը, քան թե տղաների մոտ, բայց աղջիկների մոտ էլ քանի որ ֆիզիկապես մի քիչ թույլ են, զենքը չեն կարողանում ձեռքում երկար պահել, դա դժվարացնում է նորմալ, երկնշան կրակոցը։

— Հիմնականում ի՞նչ խորհուրդ եք տալիս կրակելիս։

Լավ դիրքավորվել, կրակային դիրքը ճիշտ ընտրել, կարգավորել իրենց շնչառությունն ու ամենակարևորը՝ սրտի աշխատանքը։ Ձգանը քաշելիս չպիտի շտապեն և մտածեն կրակոցի մասին, այլ կարողանան կրակել հանգիստ ու սահուն։

Արտակ Պապյանը  զենքի քանդում-հավաքում է անում

Արտակ Պապյանը զենքի քանդում-հավաքում է անում

Մեր մյուս զրուցակիցը ռազմական ինստիտուտի ստորաբաժանումներից մեկի հրամանատար փոխգնդապետ Արտակ Պապյանն է, ում հրամանատարությամբ ծառայում են նաև աղջիկները։ Փոխգնդապետը պատմում է՝ զարմացել էր, որ ղեկավարելու է նաև աղջիկներին։

— Որպես հրամանատար աղջիկների մոտ հրամանատարական ձիրք նկատու՞մ եք։

Մեր աղջիկների մոտ արդեն նկատվում է, բայց ժամանակի ընթացքում ավելի կկատարելագործվի։

— Իսկ նրանց պատկերացնու՞մ եք զորքերում։

Բարդ հարց է ճիշտն ասած։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, բայց կարծում եմ, որ եթե լավ սովորեն, ավարտեն, ապա ինչո՞ւ ոչ։

— Այս ամիսների ընթացքում տղաների ու աղջիկների միջև ինչ-որ խնդիրներ նկատե՞լ եք։

Մեր տղաների ու աղջիկների միջև ոչ մի միջադեպ չի եղել։ Աղջիկներն այդ հարցում օգնում են, փողոցային բարքերն ու փողոցային արտահայտությունները աղջիկների ներկայությամբ վերանում են։ Տղաներն իրենց թույլ չեն տալիս վատ արտահայտություններ, ավելի զսպված են, իսկ դա կարևոր է։

— Որպես հրամանատար ի՞նչ խորհուրդներ եք տալիս, ինչի՞ն ուշադրություն դարձնեն, ո՞րն է ամենակարևորը զինվորական գործում։ Լավ մասնագետ և լավ զինվորական դառնալու համար ի՞նչ անեն։

Զինվորական գործում ամենակարևորը գիտելիքներն ու կարգապահությունն են։ Եթե չկան սրանք, չկա նաև զինվորական գործը։ Այս երկուսն անհրաժեշտ են ստորաբաժանումները ճիշտ ղեկավարելու համար։ Լավ զինվորական լինելու համար ամենաառաջինը պետք է լինել հայրենասեր, սիրել հայրենիքը, դրանից հետո նոր մասնագիտական զարգացնել գիտելիքները։ Իսկ անձնական օրինակով իրենց զինվորների համար օրինակ ծառայելը շատ կարևոր հանգամանք է։

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

Լուսանկարները՝ Սոսե Մուրադյանի

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարությանը՝ շարքի իրականացմանն աջակցելու համար։

Կարդացեք նաև աղջիկների հետ հարցազրույցները՝

Կանացի ձևականությունները զինվորական կյանք չպետք է մտնեն. աղջիկ կուրսանտ

Ուզում եմ սահմանում ծառայել, ոչ թե գրագրություն անել. կուրսանտ աղջիկ

Հրամանատար լինելու ամենակարևոր գործոնը հարգանքի վաստակումն է. աղջիկ կուրսանտ

Եղբորս օրինակով որոշեցի դառնալ սպա. աղջիկ կուրսանտ

One response to “Ռազմական ինստիտուտի աղջիկ կուրսանտների ծառայության մասին պատմում են նրանց սպաները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 19-25 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *