Իրանը ներկայացրել է տեղական նախագծման նոր զրահապատ ռոբոտ և այլ սպառազինություն

Ապրիլի 15-ին՝ Իրանի բանակի օրվանից երեք օր առաջ, երկրի ցամաքային զորքերը ներկայացրել են 5 նոր զինատեսակներ, որոնք բոլորը նախագծել են տեղացի մասնագետները: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

2015թ. ապրիլի 15-ին Իրանում ներկայացված տեղական մշակման մեքենաները. ձախից աջ՝ «Նազիր» ռոբոտ, «Ֆալաղ» թեթև թրթուռավոր մեքենա, «Աղարեբ» անվավոր տանկ

2015թ. ապրիլի 15-ին Իրանում ներկայացված տեղական մշակման մեքենաները. ձախից աջ՝ «Նազիր» ռոբոտ, «Ֆալաղ» թեթև թրթուռավոր մեքենա, «Աղարեբ» անվավոր տանկ

Իրանում ներկայացված «Աղարեբ» անվավոր տանկը

Իրանում ներկայացված «Աղարեբ» անվավոր տանկը

Ներկայացված զինատեսակները դեռ փորձնական մոդելներ են: Բացառություն է «Շահեր» դիպուկահար հրացանի նոր տարբերակը, որի նախորդ մոդելը նախկինում ևս ներկայացվել է ու կիրառվել է նաև զորավարժություններում:

Նոր ներկայացված զինատեսակներից «Աղարեբ» զրահապատ մեքենան իրանցիները կնքել են անվավոր տանկ անվանումով: Մեքենան պատրաստելու համար Իրանում խորհրդային ԲՏՌ-60 զրահափոխադրիչի իրանի վրա տեղադրել են սպառազինության մեջ եղած ամերիկյան M47 տանկի 90մմ տրամաչափով թնդանոթը: Մեքենայի պարզունակությունից ենթադրվում է, որ այն նախատեսված է հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ արագ պատրաստելու համար: Մեքենայի անձնակազմը 4 հոգի է:

«Ֆալաղ» թեթև թրթուռավոր մեքենան, որ դեռ չունի զրահ, կրում է 12,7մմ տրամաչափի գնդացիր և կտրտված տեղանքում կարողանում է շարժվել մինչև 100կմ/ժ արագությամբ (խճուղում՝ մինչև 130կմ/ժ): Մեկտեղանոց մեքենայի զանգվածն ընդամենը 4 տոննա է, գործողության շառավիղը՝ 400կմ: Այն նախատեսվում է կիրառել հետախուզական գործողությունների համար:

Իրանական մշակման «Ֆալաղ» թեթև թրթուռավոր մեքենա

Իրանական մշակման «Ֆալաղ» թեթև թրթուռավոր մեքենա

Իրանում ներկայացված «Նազիր» անվավոր ռոբոտը՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով

Իրանում ներկայացված «Նազիր» անվավոր ռոբոտը՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով

«Նազիր» անվանումով նոր զրահապատ անվավոր ռոբոտն իր հերթին կարողանում է տեղափոխել մինչև 600կգ բեռներ, ինչպես նաև տանիքին կարող է կրել երկու միավոր հակատանկային հրթիռներ կամ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ: Այն կարող է գործել ինչպես հեռակառավարմամբ, այնպես էլ նախապես ծրագրված առաջադրանքով՝ մինչև 2կմ հեռավորության վրա:

Նոր է ներկայացվել նաև 23մմ տրամաչափի «Բահեր» նոր դիպուկահար «հրացանը» (20մմ տրամաչափից ավելի խոշոր զինատեսակները ընդունված է համարել թնդանոթ): Զրահահար փամփուշտներով այն կարող է խոցել նաև մինչև 4կմ հեռավորության վրա գտնվող զրահապատ թիրախներ: «Հրացանի» անձնակազմը երեք հոգի է, զանգվածը՝ 62կգ:

Իրանում ներկայացված 23մմ տրամաչափի «Բահեր» դիպուկահար հրացանը

Իրանում ներկայացված 23մմ տրամաչափի «Բահեր» դիպուկահար հրացանը

Իրանի տեղական արտադրության 14,5մմ տրամաչափի «Շահեր» դիպուկահար հրացանները՝ 5-փամփուշտանոց պահունակներով

Իրանի տեղական արտադրության 14,5մմ տրամաչափի «Շահեր» դիպուկահար հրացանները՝ 5-փամփուշտանոց պահունակներով

Ներկայացված մյուս հրացանը իրանական «Շահեր» դիպուկահար հրացանի նոր տարբերակն է, որի վրա տեղադրվել է 5-փամփուշտանոց պահունակ: Հրացանը կարող է խոցել մինչև 3կմ հեռավորությամբ թիրախներ:

Իրանական «ԻՌՆԱ» գործակալության համաձայն՝ ներկայացված զինատեսակներից բացի, Իրանում առաջիկայում նախատեսում են սպառազինության ընդունել նաև նոր «Ֆաթեհ» սուզանավը, որը փորձարկումների եզրափակիչ փուլում է:

Առաջիկայում սպասվելիք մյուս զինատեսակը իրանական «Թալաշ-2» և «Թալաշ-3» հակաօդային պաշտպանության նոր հրթիռային համակարգերն են: Նշվում է, որ դրանք ներկայացվելու են Իրանի բանակի օրը՝ ապրիլի 18-ին:

3 responses to “Իրանը ներկայացրել է տեղական նախագծման նոր զրահապատ ռոբոտ և այլ սպառազինություն

  1. Pingback: Իրանի բանակի օրվա զորահանդեսը | Ռազմ.info

  2. Pingback: Իրանը ցուցադրել է տեղական արտադրության ՀՕՊ համակարգերը | Ռազմ.info

  3. Pingback: Իրանը ներկայացրել է սեփական արտադրության մարտական ռոբոտներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *