Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի կարևորությունը նվազել է

Ռուսաստանի օդատիեզերական զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն ստուգել է ռուսական Արմավիրի «Վորոնեժ-ԴՄ» ռադիոտեղորոշիչ կայանի մարտական հերթապահության անցնելու պատրաստվածության աստիճանը։

«Վորոնեժ-ԴՄ» ՌՏԿ-ը հրթիռային հարձակման նախազգուշացման նոր սերնդի համակարգ է։ Այն մինչև 6000 կմ հեռավորության վրա ի վիճակի է վերահսկել մինչև 500 թիրախ, այդ թվում բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Ներկայումս Արմավիրի ՌՏԿ-ն աշխատում է փորձնական շահագործման ռեժիմում, որի ընթացքում պատրաստություն է անցնում նաև կայանի անձնակազմը։ Հիշեցնենք, որ նախատեսվում է կայանը շահագործման հանձնել մինչև 2012 թվականի ավարտը։

Միաժամանակ, օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի «Դարյալ» ՌՏԿ-ի անձնակազմը հրահանգ է ստացել Ադրբեջանի տարածքից դուրս բերել ընտանիքները։ Հետաքրքիր է, որ ըստ «Իզվեստիայի» համապատասխան հրամանը տրվել է դեռ 2009 թվականին, սակայն դրա մասին «հիշել են» միայն հիմա։

Հիշեցնենք, որ Գաբալայի կայանի վարձակալման ժամկետն այս տարի ավարտվում է, և Ադրբեջանը վարձակալման ժամկետը երկարացնելու համար նախկին 14 միլիոն դոլար տարեկան վարձավճարի փոխարեն պահանջում է 300 միլիոն դոլար։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ այդ գումարը հիմնավորված չէ։ Ներկայումս Ռուսաստանն ու Ադրբեջանը դեռևս շարունակում են բանակցություններ վարել, սակայն Արմավիրի կայանի շահագործումից հետո ադրբեջանական կայանը կկորցնի նախկին նշանակությունը, և, բացառված չէ, որ կողմերն այդպես էլ համաձայնության չգան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *